Business face of Armenian regions Ararat Marz: Business face of Armenian regions

January 20, 2020by Samvel Gevorgyan
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխարհագրական տեսանկյունից Արարատի մարզը շատ հետաքրքիր դիրքավորում ունի: Այն գտնվում է Հայաստանի ճանապարհային ցանցի ամենակենտրոնում: Արարատից դեպի Հայաստանի հյուսիսային սահման՝ Բագրատաշեն, եւ դեպի հարավային սահման՝ Ագարակ, կազմում է 250-ական կմ: Ու ընդհանրապես, ճանապարհների առումով, Արարատի մարզը հավանաբար ամենաբարվոքն է Հայաստանում: Խոսքը վերաբերում է ոչ միայն միջպետական կամ մարզային ճանապարհներին, այլեւ համայնքային: Միգուցե պատճառը նաեւ այն է, որ մարզի գյուղերի միջեւ հեռավորությունը չնչին է կամ նույնիսկ չկա: Կան տարածքներ, որտեղ երկու համայնքները միմյանցից բաժանում է ընդամենը մեկ փողոց:

Ես Երեւանից դեպի Սյունիք կամ Վայոց ձոր ճամփորդելիս գրեթե միշտ ընտրում եմ Վեդի-Ուրցաձոր-Լանջառ ճանապարհը, որը Խոր Վիրապից տանում է դեպի Զանգակատուն՝ շրջանցելով Երասխով միջպետական ճանապարհը: Այն ավելի գեղատեսիլ է, անցնում է Խոսրովի անտառի համարյա հարեւանությամբ, ավելի հանգիստ է եւ արագ: Չնայած հեռավորությունը գրեթե նույնն է:

 

 

Իսկ ինչի՞ հետ է ասոցացվում Արարատի մարզը։ Առաջին հերթին՝ անվան, քանի որ սփռված է Արարատ լեռան դիմաց։ Այնուհետ՝ զարգացած գյուղատնտեսության, ձկնաբուծական կենտրոնի, Խոսրովի արգելոցի, Խոր Վիրապի, պատմական Հայաստանի երկու մայրաքաղաքների։ Արարատի մարզն ինտուիտիվ ասոցացվում է նաեւ դաշտավայրի հետ, չնայած որ մարզի ընդամենը 30%-ն է հարթավայրային: Մարզի յուրահատկությունն այն է, որ այստեղ տարածված են Հայաստանում առկա բոլոր 8 լանդշաֆտային գոտիները՝ անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան, ձյունամերձ: Նաեւ, այս մարզում առկա է Հայաստանում տարածված կլիմայի 8 տիպերից 6-ը:

 

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Արարատի մարզը տնտեսապես Հայաստանի ամենազարգացած մարզերից է՝ առավելապես կայացած եւ կայուն առաջընթաց ապահովող գյուղատնտեսության եւ սննդի վերամշակման շնորհիվ։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Մրգեր, բանջարեղեն, ջերմոցային տնտեսություններ, ձկնաբուծություն: Այս ցանկը կարելի է շարունակել, քանի որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ գյուղատնտեսության ճյուղերը գնալով շատանում են մարզում: Առավել զարգացած է պտղաբուծությունը: Հիմնականում տարածված են խաղողի, ծիրանի, սալորի, կեռասի եւ մասամբ՝ դեղձի պտղատու այգիները: Բանջարանոցային կուլտուրաներից առավել տարածված են ձմերուկը, սեխը, լոլիկը, վարունգը, կանաչ պղպեղը, սմբուկը: Այս առումով կարեւոր դեր է կատարում այն փաստը, որ մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի մինչեւ 90 տոկոսը ոռոգովի է:

 

 

Լեռնային հատվածներում զարգացած է նաեւ անասնապահությունը, հիմնականում՝ ոչխարաբուծությունը։ Հումքի աղբյուրին մոտ գտնվելու հանգամանքը զարկ է տվել սննդի վերամշակման արդյունաբերությանը մարզում: Այստեղ գործարկվել եւ աշխատում են բազմաթիվ գործարաններ, որոնք զբաղվում են մարզում արտադրված գյուղմթերքի վերամշակմամբ՝ մուրաբաների, բնական հյութերի, պահածոների, տոմատի մածուկների արտադրությամբ։Նրանցից ամենախոշորը «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանն է, որի արտադրանքը ոչ միայն վաճառվում է Հայաստանում, այլեւ արտահանվում է մի շարք երկրներ:

 

 

Մարզում մեծ թափով զարգանում է չրագործությունը: Մարզում ոլորտի առաջամարտիկներից է Զանգակատուն համայնքում տեղակայված «Արփի» չրերի արտադրությունը, որը, շնորհիվ հիմնադիր Աննա Ասատրյանի, առաջիններից մեկն է մարզում սկսել զբաղվել չրագործությամբ: Մեկ այլ կարեւոր ուղղություն է, կրկին հաշվի առնելով մրգատու այգիների առկայությունը մարզում, ալկոհոլային խմիչքների արտադրությունը: Այս առումով Հայաստանում կարեւորագույն դեր են կատարում Արարատի գինու գործարանը, Ավշարի գինու գործարանը, «Վեդի-Ալկո»-ն եւ մի շարք այլ գործարաններ: Արարատի մարզը նաեւ համարվում է խոշոր ձկնաբուծական կենտրոն Հայաստանում՝ Արմաշի եւ Երասխի ձկնաբուծարանների առկայությունը հաշվի առնելով:Մարզում գործում են «Ինտեր Ակվա», «Գոլդեն ֆիշ» եւ այլ ընկերություններ, որոնք վերամշակում են ձկնաբուծական արտադրանքը եւ արտահանում, հիմնականում ԱՊՀ երկրներ:

 

 

Մարզում, ժամանակակից տեխնոլոգիական գյուղատնտեսության զարգացման առումով, մեծ ներդրում ունի «Սպայկա» ընկերությունը, որը 2014թ. Շահումյան համայնքում հիմնեց տարածաշրջանի ամենամեծ ժամանակակից ջերմոցային համալիրը՝ 50 հա, իսկ 2017թ. շահագործման հանձնեց հանրապետությունում ամենամեծ սածիլանոցը՝ 5 հա մակերեսով:

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Արարատի մարզի արդյունաբերությունն իր զարգացվածության աստիճանով զգալիորեն զիջում է գյուղատնտեսությանը, սակայն ապագա կանխատեսումներն ու հնարավորությունները լավատեսության հիմք են տալիս: «Մասիս տոբակո» եւ «Ինտերներշընլ Մասիս տոբակո» ընկերությունները մարզի արդյունաբերության առաջատարներն են՝ արտադրության, արտահանման ծավալներով եւ աշխատատեղերով:

 

 

Այս պահին մարզում արտադրվում են շինանյութի որոշ տեսակներ՝ ցեմենտից մինչեւ մետաղյա կոնստրուկցիաներ: Արարատի ցեմենտի գործարանը ամենախոշորն է մարզում: Այն մատակարարում է Հայաստանի ցեմենտի պահանջարկի մեծ մասը: «Առանցք»-ը, ՀՎԳ-ն շինանյութերի շուկայի առաջատարներն են մարզում: Արարատում գործում է նաեւ կերամիկական իրերի արտադրություն («Մանե թայլս»), պլաստիկ իրերի արտադրություն («Շահարտ»), ստվարաթղթե տարաների արտադրություն («Գրանդ Մասթեր»), քարե կոնստրուկցիաների արտադրություն («Մանանա սթուն»), շինարարական կոնստրուկցիաների արտադրություն («Բերմա», «Իզիպանել») եւ այլ փոքր եւ միջին գործարաններ:

Վերջին տարիներին կարեւորություն է տրվում նաեւ տեքստիլ արդյունաբերության զարգացմանը: Արտաշատում գործող «Էյ Բի Սի տեքստիլ» ընկերությունը վերջերս իրականացված ներդրումային ծրագրերի շնորհիվ նախատեսում է ընդլայնել արտադրության ծավալները եւ ավելացնել եւս 170 աշխատատեղ՝ նրանց թիվը հասցնելով 230-ի: Վերջին տարիներին մարզում զարգանում է նաեւ շշալցված, բնական ջրերի արտադրությունը: Հայաստանում ամենախոշորներից մեկը՝ «Արարատ գրուպ»-ը, արդեն արտադրում եւ մի քանի երկրներ է արտահանում հայկական շշալցված խմելու ջուրը:

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Արարատի մարզի քարտեզին նայելիս ի հայտ է գալիս եւս մեկ հետաքրքրիր միտք: Մարզը զարգանում է միջպետական ճանապարհին զուգընթաց, իսկ ամբողջ արեւելյան շրջանները, հյուսիսից մինչեւ հարավ, դուրս են մնացել համընդհանուր պատկերից: Հենց այստեղ են թաքնված մարզի ապագա, կայուն զարգացման հնարավորությունները: Զբոսաշրջություն, թռչնաբուծություն, արեւային էներգետիկա. ահա մի քանի ոլորտ, որտեղ առկա է ներդրումային նախագծերի պոտենցիալ: Մասնավորապես, կարելի է զարգացնել զբոսաշրջությունը: Մարզում գտնվող հետաքրքրությունները ներկայումս սահմանափակվում են Խոր Վիրապով եւ որոշ դեպքերում՝ Դվինով:

 

 

Մարզում զբոսաշրջային խմբերի կողմից գիշերակացի մասին խոսք անգամ չկա: Այս տեսանկյունից կարող է հետաքրքրություն ներկայացնել մարզի հյուսիս-արեւելքում եւ հարավ-արեւելքում գտնվող պատմամշակութային մի քանի հուշարձաններ: Մասնավորապես, Ուրցաձորի մոտ գտնվող Հավուց Թառ համալիրը, որի մասին շատ քչերն են լսել: Նաեւ, Լանջառ գյուղի մոտակայքում գտնվող Սուրբ Կարապետ վանքը, որը, ի դեպ գտնվում է, իմ կողմից առաջարկվող Խոր Վիրապից դեպի Վեդի ճանապարհի անմիջապես հարեւանությամբ: Պատմական նշանակություն ունեն նաեւ Կաքավաբերդն ու Աղջոց վանքը` տեղակայված մարզի հյուսիսարեւելյան շրջանում: Խոսրովի անտառի շրջակայքում հնարավոր է զարկ տալ էկո տուրիզմի եւ ագրոտուրիզմի զարգացմանը: Այս երկու ուղղություններն էլ մեծ արագությամբ աճում են ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:

 

 

Մարզի լեռնային շրջաններում աճող ղեղաբույսերի բազմազանությունը եւս մեկ հնարավորություն է՝ հավաքելու եւ դրանք փաթեթավորելու տեսանկյունից: Հատկանշական է, որ Մասիս քաղաքում նախատեսվում է հիմնել բուսական յուղերի գործարան, որն ուղղակիորեն կապված է մարզում առկա դեղաբույսերի բազմազանության եւ առատության հետ։ Մարզում մեծ հնարավորություններ կան թռչնաբուծության ներդրումային ծրագրերի առումով: Զերմոցային խոշոր տնտեսությունների զարգացումը մեկ այլ հնարավորություն է, որը պետք է օգտագործել: Արեւային էներգետիկան նույնպես անսահմանափակ հնարավորություններ է տալիս ներդրողներին՝ այս ոլորտը մարզի արեւելյան շրջաններում զարգացնելու տեսանկյունից: