Business Books Ցանկանում եմ բիզնես ունենալ, ինչի՞ց սկսեմ… Մտածում եմ գործս փոխել, ինչի՞ց սկսեմ… Փոփոխությունների կարիք եմ զգում, ինչի՞ց սկսեմ…

Փետրվարի 8, 2021ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Ժամանակն է՝ սկսելու․ այսպես է վերնագրված «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանի նոր՝ «1 րոպե անց» գրքի առաջին գլուխը։ Սա գիրք է՝ հենց այս պահից 1 րոպե անց երազանքներ նախանշելու, դրանց իրականացման ճանապարհ մշակելու, սկսելու, գործելու, եւ հաջողության հասնելու մասին։

Սամվել Գեւորգյանը, որ նաեւ բիզնեսի պլանավորման, կազմակերպման, կառավարման ու զարգացման մասին «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակն է, Infocom-ին պատմում է, որ «1 րոպե անց»-ն ամբողջովին պատրաստ էր դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերի կեսին, մարքեթինգային, տպագրական բոլոր աշխատանքները պլանավորած էին հոկտեմբերին, սակայն պատերազմն իր փոփոխությունները մտցրեց գրաֆիկի մեջ։ Եւ ահա ռազմական գործողությունների ավարտից հետո գրքի արդիականությունն ընկալելու անհրաժեշտություն առաջացավ:

***

«Եւս մեկ անգամ կարդացի ու հասկացա, որ գեթ մեկ փոփոխություն անելու կարիք չկա։ Մենք խելահեղ ժամանակներում ենք ապրում, ամեն վայրկյան մի բան փոխվում է, վերջին 5-10 տարվա ընթացքում շատ ավելի մեծ, գլոբալ իրադարձություններ են տեղի ունեցել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ողջ աշխարհում, քան վերջին 100-200 տարում։ Ու ես զգացի, որ այս գիրքը ժամանակին է, շատ ավելի տեղին, քան, ասենք, սեպտեմբերին»,- ասում է Գեւորգյանը՝ մեկնաբանելով, որ մեկ րոպե անցը չափման այն պայմանական միավորն է, որից սկսած պետք է քննել ու հասկանալ բոլոր հնարավորությունները, մոտեցումները, գիտելիքները, որոնք ունես հենց այս իրավիճակում ու այս պահին՝ բիզնեսում եւ, առհասարակ, կյանքում։

Սամվել Գեւորգյանի նախորդ գիրքը` «Քո սեփական բիզնեսը Հայաստանում», որ 22 գլխից է բաղկացած, ավարտվում է մոտիվացիոն մասով՝ ստեղծագործ լինելու ժամանակն է, առաջնորդ դառնալու ժամանակն է, առաջին պայմանագիրը կնքելու ժամանակն է, Հայաստանում բիզնես սկսելու ժամանակն է։ Ինչպես պատմում է մեր զրուցակիցը՝ այս գրքի ընթերցողները 2 մասի բաժանվեցին՝ ձեռներեցներ, որոնք արդեն ունեն բիզնես, հաջողություններ, ու որոնց համար սա դարձավ սեղանի գիրք, եւ երիտասարդներ, որոնք դեռ դժվարանում են որոշումներ կայացնել, ճամփաբաժնի վրա են, չգիտեն` որ ուղղությամբ գնալ։ Այս երկրորդ խմբի մարդիկ, կարդալով «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի մոտիվացիոն վերջաբանը, ոգեւորվում են, էներգիայով լցվում, բայց մի քիչ անորոշ իրավիճակում հայտնվում՝ բիզնես կաննոններ, բիզնեսի մոտեցումներ, եւ այլն, ու գալիս կանգնում են որոշում կայացնելու կետին՝ չիմանալով որտեղից սկսել։

 

«1 րոպե անց»-ը, հեղինակի մեկնաբանմամբ, այժմ այն գիրքն է, որը մոտիվացված մարդուն կպատրաստի կարեւոր որոշումների կայացմանը՝ ցույց տալով 12 տրամաբանական հաջորդականություն, 12 հիմնավոր քայլ։

Սկսելու ժամանակն է

«Ինչ-որ բան պետք է սկսես, բայց սկսելու համար պետք է երազանք։ Շատերը մտածում են` երազել գիտեն։ Առաջին հերթին պետք է սովորել երազել»։

Ինքդ քեզ տեղը դնելու ժամանակն է

«Նշանակում է` նայիր քեզ հայելու մեջ, գնահատիր քո հնարավորությունները, քո կապերը, քո գիտելիքները։ Դա առաջընթացը սահմանափակելու համար չէ, այլ սեփական հենման կետը, երազանքի իրատեսականությունը հասկանալու»։

Ժամանակն է ընդունելու, որ դու կարեւոր ես

«Մարդիկ ասում են` դե ինձնից ի՞նչ է կախված, ես ի՞նչ կարող եմ անել։ Ինձ համար շշմելու բան է․ դու մարդ ես, դու ծնվել ես, դու ուղեղ ունես, դու կապեր ունես, ու ասում ես՝ ես չեմ կարող դա անել»։

ժամանակն է դիրքավորվելու

«Մեկը դիրքավորվում է հաղորդակցվելու իր ունակությամբ, մյուսը՝ սոցիալական ցանցերից օգտվելու լավ հմտություններով, երրորդը` մարդկանց կրթելու պատրաստակամությամբ։ Պետք է հասկանալ սեփական ուժեղ կողմերը։ Հիմա, որ ասենք՝ տեղեկատվական անվտանգություն, ո՞ւմ կհիշեք»,- հարցնում է ինձ Սամվել Գեւորգյանը, ես էլ «բնականաբար» հայացքով պատասխանում եմ՝ Սամվել Մարտիրոսյանին,- «Հենց դա է դիրքավորվելը»։

Ժամանակն է գնահատելու

«Ու գնահատելն այն մասին չէ, որ time manegment անես (ժամանակի կառավարում), այլ իսկապես ճիշտ գնահատես այն վայրկյանները, րոպեները, ժամերը, որ անցնում են։ Օրինակ՝ ես քնելուց առաջ մի կես ժամ գիրք եմ կարդում․ համ հանգիստ եմ լինում քնելուց առաջ, երբ որ արթնանում եմ, կարդացածի տպավորության տակ շատ թարմ գաղափարներ են գալիս, եւ այլն»։

Ժամանակն է առաջ գնալու

«Չես կարող տեղում դոփել, պետք է առաջ գնաս, ե՛ւ էմոցիոնալ առումով, ե՛ւ ինտելեկտի, ե՛ւ կրթության, նոր կապեր հաստատելու առումով»։

Ժամանակն է գլոբալ մտածելու

Ասում են` մտածիր գլոբալ, գործիր լոկալ․ Սամվել Գեւորգյանն էլ ասում է՝ մտածի՛ր գլոբալ եւ գործի՛ր գլոբալ․ «Այս մոտեցումը պետք է աշխատի, որովհետեւ եթե նույնիսկ բիզնեսում, նույնիսկ որպես մարդ մտածենք Հայաստանի մեջ, Հայաստանի սահմաններում, մեր համայնքի, մեր մարզի, ամեն ինչ փոքր է, բիզնեսի շունչը կկտրվի այդ պարագայում։ Իսկ աշխարհը մեր դիմաց է, պետք է գլոբալ մտածենք»։
Իսկ գլոբալ մտածելու կոնկրետ գործիքներ կան՝ ինչպես վստահեցնում է մեր զրուցակիցը․ օրինակ՝ պետք է կենտրոնանալ ոչ թե տեղի ունեցողի վրա, այլ դրա պատճառի՝ ոչ թե ինչ է տեղի ունենում, այլ ինչու․ «Պետք է հասկանալ՝ դեպքից առաջ ինչ է եղել, դրանից հետո ինչ է լինելու, ովքեր են որոշում կայացնողները, ովքեր են մեսիջի հասցեատերերը։ Ու եթե մի քիչ խորությամբ մտածենք, շատ ավելի ճիշտ որոշումների կգանք։ Նույնիսկ մի փոքրիկ օրինակ՝ եթե ֆեյսբուքյան գրառում եք ուզում անել, կամ արձագանքել, մինչ այդ մի պահ մտածեք, գուցե հրաժարվեք ձեր գրառումից»։
Եւ, ըստ հեղինակի, համբերատարությունն ու գլոբալ մտածելակերպը փոխկապակցված են․ հենց սկսում ես գլոբալ մտածել, հանդուրժողականությունն ինքն իրեն ծնվում է, ու դա իդեալական է աշխատում բիզնեսի մեջ։

 

 

Ժամանակն է աշխարհը քեզնով անելու

«Աշխարհը քեզնով անելու ժամանակն է. սա կարծես մարդկանց ամենաշատն է հետաքրքրել։ Երբ մեկն ասում է` ուզում եմ անգլերեն սովորել, բայց ժամանակ չունեմ, հավես չունեմ, ասում եմ` առաջ չես շարժվում, իսկ եթե գիտես՝ ինչ անել, ամբողջը քոնն է։ Իսկ անգլերեն սովորելու համար պետք է օրը 20 րոպե, օրը 3 բառ»։

Թե ինչպես հասնել անգերազանցելի արդյունքի եւ շարժվել միշտ առաջ

«Իսկ ռի՞սկը, ռիսկը ո՞նց գնահատել»,- հարցնում եմ Գեւորգյանին։ «Միշտ առաջ շարժվելու եւ անգերազանցելի արդյունքի ձգտելու մեջ ռիսկ կա, այո՛։ Բայց ինչպե՞ս ենք չեզոքացնում դրանք։ Գրքի կամայական գլուխ սկսելուց առաջ ես իմ պատմությունն եմ դրել ու սոցիալական ցանցերի լեզվով անունը դրել story։ Ռիսկերը նվազեցնելու մասին ես խոսում եմ իմ սեփական օրինակով, հենց այնպես չեմ ասում՝ գնա, այսինչ բանն արա, այլ տես՝ ես ինչպես եմ արել։ Ու եթե ես արել եմ, դու էլ կարող ես, ի՞նչ տարբերություն, բոլորս նույն ձեւով ենք ստեղծվել, նույն երկրում ենք ստեղծվել, նույն հնարավորություններն ունենք, տարբերությունը ո՞րն է։ Տարբերությունը մեկն է․ մեկն ասում է` չեմ կարող, իսկ ես իրեն ասում եմ` ոչ թե չես կարող, այլ չես ուզում, մեկն էլ ասում է` կարող եմ։ Մարդը ստեղծվել է ուղեղով, լուրջ հնարավորություններով, լուրջ պոտենցիալով, ի՞նչ է նշանակում՝ չեմ կարող։ Իսկ «կարող եմ»-ի դեպքում ռիսկերը նվազեցնելու համակարգեր ու հաջորդականություն ներկայացվում է «1 րոպե անց»-ում»։

Եթե ժամանակին գործդ չես անում, այդ ժամանակն այլեւս չկա

«Ասում են` դե վաղը կանենք․ ինչո՞ւ վաղը, եթե կա այսօրը։ Կամ մեկ ուրիշ գաղափար կա, ասում են՝ մենք սպասում ենք՝ ժամանակը գա, բայց ժամանակը միայն գնում է։ Բայց պետք է «ընդամենը մեկ որոշում, եւ սկսվում է շարժ»։ Ընդամենը մեկ որոշում, բայց մարդիկ դժվարանում են որոշել, պատճառաբանություններ են փնտրում՝ երկիրը երկիր չի, օրենքները լավը չեն, հարկայինը կճնշի, ինչ ասես՝ ասում են, բայց որոշում չեն կայացնում։ Բայց ես ավելի քան համոզված եմ, որ հայն իր մեջ թաքնված էներգիա ու պոտենցիալ ունի»։

Եթե դու նման ես ուրիշներին, ապա դու նման չես ինքդ քեզ

«Մի թեմայի վերաբերյալ բոլորը գրում են՝ սա վատն է, դո՞ւ ինչու ես գրում՝ սա վատն է, ախր 10.000 հոգի արդեն գրել է դրա մասին, քո գրելու նպատակը ո՞րն է, քեզ ցուցադրե՞լը, ինքնարտահայտվե՞լը»,- ասում է Սամվել Գեւորգյանը՝ շեշտելով՝ տարբերվիր եւ առանձնացիր․ «Ասում են՝ պետք չէ շարժվել գետի հոսանքին համընթաց, պետք է շարժվել հակառակ, բայց իրականում պետք է շարժվել այնպես, ինչպես քեզ պետք է, եւ ոչ համընթաց կամ հակառակ։ Բիզնեսում էլ է այդպես․ ինչո՞ւ գինը դնենք նույնը, ինչպես բոլորն են դնում, կամ ինչո՞ւ չանել մարքեթինգային քայլ, որը ոչ մեկը չի անում»։
Եւ այս ամենի հետ մեկտեղ, ինչպես վստահեցնում է հեղինակը, պետք է պատրաստ լինել քննադատությանը։

Ուզում ես հարստանա՞լ, հարստացի՛ր, ո՞վ է քեզ խանգարում

Հարստությունն, ըստ Սամվել Գեւորգյանի, շատ փող ունենալը չէ, այլ այն, որ ունենաս այնքան, ինչքան քեզ բավարար է։ Հարստությունը, նրա խոսքով, նաեւ գիտելիքն է, փորձառությունը, կապերը։ «Բացի դրանից՝ ինչպես Նասիմ Թալեբն է գրում՝ հաղթում ես այն խաղում, որտեղ դո՛ւ ես սահմանում կանոնները։ Օրինակ կա՝ շախմատի խաղատախտակն է, ասում են` դու ո՞ր ֆիգուրը կուզեիր լինել, ոմանք ասում են՝ դե, թագավոր, թագուհի, մեկն օրիգինալ լինելու համար ասում է՝ ձի, մյուսն էլ ասում է՝ կուզեի լինել խաղացողը»։
Եւ այստեղ սկսվում է «1 րոպե անց»-ի լուսավոր այս միտքը՝ «ես անհուսալի լավատես եմ»։ Գեւորգյանն ասում է՝ սա անձամբ իր մասին չէ, սա քո՛ մասին է․
«Կարդացողը պիտի իմանա՝ սա ի՛ր մասին է, որ ի՛նքը պիտի լինի անհուսալի լավատես, պատասխանատու։ Այսինքն՝ ձեւակերպում ենք, թե ինչպիսին պիտի լինի կամայական մարդը, եւ արդյունքը նշմարվում է մեկ րոպե անց»։

 

 

Պետությունը լավ բիզնես անելու հնարավորություն տալի՞ս է, կա՞ն անհրաժեշտ ենթակառուցվածքները, միջավայրը

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» եւ «1 րոպե անց» գրքերի հեղինակն այն կարծիքին է, որ, այո, պետությունն իր դերը պետք է ունենա թե՛ ենթակառուցվածքների ստեղծման, թե՛ օրենսդրության բարելավման, թե՛ միջավայր ստեղծելու տեսանկյունից։
Մյուս կողմից էլ նշում է, որ հայ ձեռներեցները բազմիցս ապացուցել են, որ նույնիսկ ամենախճճված իրավիճակներում, ամենաագրեսիվ միջավայրերում, ամենաաննպաստ բիզնես իրավիճակում կարողանում են բիզնես անել՝ թեկուզ բավականին դժվարություններով ու խոչընդոտներով։
«Ես պատկերացնում եմ, որ եթե բիզնես-միջավայրը բարելավվի, օրենսդրությունը կարգավորվի, եւ շատ այլ պայմաններ ավելի նպաստավոր լինեն, Հայաստանում ձեռներեցները սարեր շուռ կտան։ Եթե խոսում ենք նպաստավոր պայմաններից, ապա կարող եմ ասել, որ «1 րոպե անց»-ը մարդկանց կօգնի նաեւ ազդեցություն ունենալ պայմաններ ստեղծելու հարցում»,- ասում է Գեւորգյանը՝ նկատի ունենալով, որ Հայաստանում հաճախ են ասում՝ թող պետությունը սա անի, նա անի, ես էլ բիզնես անեմ։ Բայց, մեր զրուցակցի դիտարկմամբ, բիզնես անողն ինքը եւս պետք է որոշակի պարտավորություններ ստանձնի՝ պետության հետ համագործակցելու կամ միջավայր ստեղծելու հարցում պետության որոշումներում ազդեցություն ունենալու։
Միեւնույն ժամանակ՝ Գեւորգյանը չի խուսափում արձանագրել, որ Հայաստանում ձեռներեցի համար դեռեւս չկա այդ հարմար ու նպաստավոր միջավայրը, բայց վստահ է՝ դա չպետք է խոչընդոտ հանդիսանա․ եթե ուզում ես, կանես ու կհաջողես։

Եթե ձախողեցիր, ուրեմն վե՞րջ

«Ոչ, իհարկե»,- միանշանակ արձագանքում է Սամվել Գեւորգյանը եւ օրինակ բերում, որ եթե 90-ական թվականներին բիզնեսում ձախողելը լուրջ սթրես էր, ընկերների մոտ հեղինակության անկում էր, անքուն գիշերներ, ապա հիմա այլ ժամանակներն են, եւ ձախողումը չի նշանակում վերջակետ․
«Ձախողումը չպիտի խնդիր լինի, այլ հնարավորություն ու առավելություն։ ԱՄՆ-ում IT սեկտորում մի հետաքրքիր մոտեցում կա. ասում են` եթե չես ձախողել, ուրեմն ոչինչ չես սովորել։ Եթե անընդհատ հաջողել ես, չես սովորել, մի անգամ այնպես կձախողես, որ ոտքի չես կանգնի։ Ձախողումները գիտելիքներ են, դասեր են, չպիտի վախենանք։ Ու ամենամեծ հաջողության հասած ձեռներցներից շատ-շատերը մի քանի բան ձախողում են, հետո նոր հաջողում։ Ձախողելը խնդիր չէ, հատկապես հիմա, երբ բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ 0 դրամով կամ նվազագույն գումարով կարելի է բիզնես սկսել։ Ի դեպ՝ կարելի է նպատակը դնել ոչ թե բիզնեսից այդ պահին մեծ շահույթ ունենալը, այլ բիզնես անել սովորելը»,- ասում է Սամվել Գեւորգյանը՝ եզրափակելով՝ ամեն ինչ կախված է երազանքից, կամքից, ցանկությունից ու որոշում կայացնելուց։