Հայաստանի մարզերի բիզնես դեմքը Կոտայք. Հայաստանի մարզերի բիզնես դեմքը

Հոկտեմբերի 24, 2019ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ՄՈԴԵԼԸ

 

Կոտայքը կարեւորագույն տարածաշրջան է Հայաստանի համար։ Առաջին հերթին, Կոտայքը միակ մարզն է, որը չունի արտաքին սահմաններ հարեւան երկրների հետ։ Երկրորդ՝ Հայաստանի տուրիզմի այցեքարտերից մեկը Կոտայքի մարզում է։ Անհնար է պատկերացնել զբոսաշրջիկի, որը Հայաստանում է եւ չի այցելել Գառնի-Գեղարդ։ Հաջորդը՝ Հայաստանի լավագույն խնձորի այգիները Կոտայքի մարզում են։ Չորրորդ՝ ամենաշատ առողջարանները հենց այս մարզում են։ Եվ վերջապես, Հայաստանի արդյունաբերական հզորությունների մի զգալի մասը Կոտայքում է։

 

 

Բազմաթիվ լեռներ, հովիտներ, գետեր, լճակներ, կիրճեր՝ եւս մեկ առավելություն, որ Կոտայքի մարզն ունի՝ գտնվելով Երեւանի անմիջական հարեւանությամբ։ Կոտայքը կարծես Հայաստանի փոքր մոդելը լինի՝ հաշվի առնելով վերոնշյալ առավելությունները։ Մարզում բազմաթիվ են հնադարյան ժամանակներից մինչեւ միջնադար կառուցված բնակավայրերը, կառույցներն ու համալիրները։

 

 

Մյուս կողմից էլ, Կոտայքի հիմնական քաղաքները, համեմատաբար, երիտասարդ են հանրապետության այլ քաղաքներից։ Մասնավորապես Հրազդանը քաղաքի կարգավիճակ է ստացել 1959-ին, Չարենցավանը՝ 1961-ին, Աբովյանը՝ 1963-ին։

 

 

Մարզում գտնվող քաղաքների զգալի մասը կառուցվել է վերջին 60-70 տարիներին՝ արդյունաբերական խոշոր կենտրոնների շրջակայքում։

 

 

ԵՐԿՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

 

Նպաստավոր դիրքի շնորհիվ է, որ դեռ խորհրդային ժամանակներից մարզում զարկ է տրվել արտադրական տարբեր ձեռնարկությունների հիմնադրմանը՝ մարզը դարձնելով Հայաստանի արդյունաբերական կենտրոն։ Կոտայքի մարզի կայուն զարգացող ոլորտներից է էներգետիկ արդյունաբերությունը։ Դրա երաշխիքներն են 17 հիդրոէլեկտրակայանների եւ «Հրազդան-5» էներգաբլոկի առկայությունը։

 

 

Արդյունաբերական ճյուղերից առաջատար են համարվում մեքենաշինական արդյունաբերությունը, շինանյութերի, մասնավորապես` ցեմենտի արտադրությունը, փայտամշակման ոլորտները, քարամշակումը։ Չարենցավանի, Աբովյանի, Բյուրեղավանի գործարանները շահագործվել են դեռեւս խորհրդային ժամանակներից, սակայն կան նաեւ վերջին 20-25 տարիներ ընթացքում հիմնադրված ձեռնարկություններ. «Սեմուր ընդ Կո» մետաղյա շինանյութերի արտադրությունը եւ «Արմբազալտ» բազալտե թելքի գործարանը լավագույն օրինակներից են։ Դեղագործական ոլորտը նույնպես զարգանում է՝ ի դեմս «Արփիմեդ» դեղագործական ձեռնարկության։

 

 

Կոտայքում զարգացած է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի (այդ թվում՝ ոսկու) վերամշակումը: Նոր Հաճընի ադամանդի վերամշակման գործարանը վառ ապացույցն է։ Մարզը միակն է, որտեղ արտադրվում են ապակե տարաներ, մասնավորապես՝ գործում է «Սարանիստ» ապակե տարաների արտադրական ձեռնարկությունը։ Առաջատար դիրքերում է սննդի արդյունաբերությունը։ Այս բնագավառի կարեւոր ոլորտներից է կաթնամթերքի վերամշակումը։ «Թամարա» կաթի վերամշակման գործարանը եւ «Անի պրոդուկտ» կաթնամթերքի ձեռնարկությունը առաջատար դիրքեր են գրավում Հայաստանում եւ արտահանվում են մի շարք երկրներ։ Մսամթերքի ոլորտի որակի չափորոշիչներ է սահմանում «Բեկոն» ձեռնարկությունը, իսկ պահածոների արտադրության ոլորտում՝ «Արագած Ֆուդ»-ը։

 

 

Ոչ ոգելից խմիչքների, գարեջրի եւ հանքային ջրերի արտադրություններն էլ բազմաթիվ են։ Դրանց շարքին են դասվում «Սիփան» ոչ ոգելից խմիչքների գործարանը, «Բջնի եւ Նոյ» ջրերի գործարանը, «Կոտայք» գարեջրի գործարանը։ Ի հայտ են գալիս նաեւ նոր նախագծեր։ Այս տարի մի քանի տեղական եւ չինական ընկերությունների միջեւ հուշագիր ստորագրվեց Կոտայքում վերելակների արտադրություն սկսելու նպատակով։

Ընդհանուր առմամբ, «Սփյուռ»-ում փնտրելով «արտադրություն+Կոտայք» բառակապակցությունը Կոտայքի մարզի տարածքում կարելի է գտնել 201 արտադրական ձեռնարկություն:

 

ՄԱՐԶ-ԱՌՈՂՋԱՐԱՆ

 

Մարզում բազմազան են նաեւ պասիվ եւ ակտիվ հանգստի, տարատեսակ տուրիստական զբաղմունքների, վերականգնողական առողջապահական հնարավորությունները։

Կոտայքի մարզը բացառիկ է առողջարանների քանակով։ Աղվերան, Հանքավան, Արզական, Բջնի, Արզնի. ցանկը կարելի է շարունակել։
Արդեն մի քանի տասնամյակ է, որ Հայաստանի բնակչության մեծ մասը՝ հիմնականում միջին եւ բարձր տարիքի, հանգստյան ժամանակահատվածն անցկացնում են մարզի առողջարաններում։

 

 

Արկածային տուրիզմը եւ էկոտուրիզմը եւս կարեւորագույն ուղղություններից են։ Ծաղկաձորի ձմեռային հանգստի տարբերակները, զիփլայնի, լեռնագնացության, արագահոս լեռնային գետերի, պարաշյուտային սպորտաձեւերի առկայությունը մարզը դարձնում են բացառիկ։ Գառնիի ձորի քարի սիմֆոնիան մագնիսի նման դեպի իրեն է ձգում հազարավոր այցելուների։ Ծաղկաձորը եւս Հայաստանի այն վայրերից է, որտեղ գնալը «պարտադիր է»՝ անկախ նրանից՝ ձմեռային մարզաձեւերի սիրահար ես, թե պարզապես գնում ես քաղաքում շրջելու։ Ծաղկաձորը հյուրանոցների եւ հյուրատների թվով Հայաստանի բնակավայերի շրջանում առաջատար դիրքերում է, թերեւս մարզն այս ցուցանիշով զիջում է միայն Երեւանին։ Մարզում գրանցված են 3000-ից ավելի պատմամշակութային արժեքներ եւ հուշարձաններ, որոնք լուրջ հիմք են ստեղծում արտասահմանցի տուրիստների ներգրավման համար։

 

 

ՆՈՐԱՐԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

Կոտայքի մարզի մյուս առավելությունը բարենպաստ բնակլիմայական պայմաններն են, հատկապես՝ գյուղատնտեսության զարգացման առումով: Այդ առավելությունը հնարավորություն է տալիս մարզում զարգացնել գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերը. անասնապահություն, պտղաբուծություն, հացահատիկային եւ բանջարաբոստանային կուլտուրաներ, ինտենսիվ այգիներ եւ այլն: Տարբեր բարձրությունների վրա գտնվող բնակավայրերում կարելի է մոդելային, փորձարարական նախագծեր իրականացնել՝ հաջողված օրինակների հետագա բազմացման նպատակով:

Մարզի մի քանի համայնքների անուններն արդեն իսկական գյուղատնտեսական բրենդ են դարձել երկրում. Արամուս, Նոր Հաճն, Պտղնի, Նոր Գեղի, Արագյուղ: «Արզնի» տոհմային ֆերման նույնպես առաջիններից էր, որ հիմք դրեց Հայաստանում ֆերմերային մասնավոր խոշոր տնտեսությունների հետագա զարգացմանը։ Ձորաղբյուրում գտնվող «Կանաչ արահետ» ՀԿ-ի գյուղատնտեսական ուսուցման կենտրոնը դարձել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության պրակտիկ կրթության առաջատարներից։

 

 

ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳԳ-ն

 

Կոտայքի մարզն ունի ռազմավարական դիրք՝ գտնվելով Երեւանի հարեւանությամբ։ Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհն անցնում է ամբողջ մարզով՝ հարավից մինչ հյուսիս՝ մարզին հնարավորություն տալով դառնալու լոգիստիկ կենտրոն։ Հայաստանի հիմնական սպառողական շուկան անմիջապես կողքին է՝ խթանելով արտադրությունների հիմնադրումն ու ընդլայնումը։ Աշխարհագրական իմաստով էլ Կոտայքի մարզում պայմաններն անգնահատելի են՝ զբոսաշրջության եւ գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից։

Այս հնարավորությունները կարեւոր դեր կարող են ունենալ ներդրողների կողմից մարզում բիզնեսներ սկսելու տեսանկյունից: Այստեղ կարող է աշխատել փոքր եւ միջին ձեռնարկությունների իտալական մոդելը. 80-100 աշխատատեղով արտադրություններ՝ կլաստերային սկզբունքով: Զովունուց դեպի Եղվարդ ճանապարհին կից միշտ պատկերացրել եմ, որ գործում են տասնյակ փոքր եւ միջին արտադրական ձեռնարկություններ։

Նույն մոդելը կարող է գործել նաեւ առողջարանների պարագայում, որը փաստացի արդեն գոյություն ունի, սակայն պետք է համակարգել, բրենդավորել եւ ներկայացնել ներքին եւ արտաքին սպառողին՝ սպասարկման մրցունակ մոդելով:

 

 

Փոքր բիզնեսի համար նույնպես մարզը տալիս է լայն հնարավորություններ՝ ապահովելով տարբեր բնույթի գործունեության ոլորտների եւ խոշորների հետ համագործակցության կայուն հիմք։ Լեւոն Ստեփանյանը փոքր բիզնեսների լավագույն ներկայացուցիչներից է, որը տարբեր նախագծերով մոտիվացնում է նաեւ մարզի երիտասարդությանը՝ սկսելու սեփական բիզնեսը։ Մերձլեռնային գոտիներում մեծ հնարավորություններ կան ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաեւ սառնարանային տնտեսությունների զարգացման առումով։

Այնպես որ, Կոտայքի մարզը, յուրացնելով իր հնարավորությունները, պետք է ապացուցի, որ արժանի է լինել Հայաստանի փոքր մոդելը: