Grants Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր

Նոյեմբերի 28, 2023ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտե­սությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսա­վա­րող­ների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով…

Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին և կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։

Ծրագրի շրջանակում առաջարկվող պայմանները.
– յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 3.0  մլրդ դրամի չափով (որը համապատասխանում է շուրջ 4 հա մակերեսով ջերմատան կառուցմանը), հիմնվող ջերմատան առավելագույն մակերեսի սահմանափակում չի նախատեսվում․
– յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․
– տրամադրվող վարկի տոկոսադրույքը  կսուբսիդավորվի 10  տոկոսային կետով․
– վարկի մարման առավելագույն ժամկետը՝ 8 տարի է․
– շահառուի դիմումով ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և     տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս․
– շահառուի և ֆինանսական կառույցի փոխադարձ համաձայնությամբ ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 3 ամիս ժամկետով․
– ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 1․5 տարի է։

Ծրագրին մասնակցության ընթացակարգը.
1. շահառուն վարկ ստանալու նպատակով, մինչև ջերմատան կառուցման աշխատանքների սկսելը, դիմում է ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին.
2. ֆինանսական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում շահառուն վարկի ստացման համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
– անձը հաստատող փաստաթղթի պատճենը․
– անշարժ գույքի սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որում ամրագրված է, որ հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների է։ Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրված լինելու դեպքում ներկայացվում է նաև հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիրը։ Ընդ որում, հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը պետք է կազմի վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից հաշված՝ առնվազն 10 տարի։ Անշարժ գույքի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը՝ ջերմատան կառուցման համար․
– ծրագրի պահանջներին համապատասխանող ջերմատան նախագիծը․
– նախագիծը թողարկող պատասխանատուի երաշխավորագիրը` ծրագրի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ.
– համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները  նախարարությանը կամ այլ պետական մարմնին  փոխանցելու մասին.

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով…

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
– Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ +374 11 523 411, +374 11 597 254, +374 11 297 428,  +374 11 529 231 հեռախոսահամարներով,
– Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն +374 11 530 333 հեռախոսահամարով,
– Բուսաբուծության վարչություն՝ +374 11 597 120 հեռախոսահամարով։