Business growth More than 90% of Turkish goods can be produced in Armenia

December 1, 2020by Samvel Gevorgyan

ՀՀ կառավարությունը ռացիոնալ մոտեցում ցուցաբերեց՝ կայացնելով դեկտեմբերի 31-ից Հայաստան 700-ից ավելի թուրքական պատրաստի, վերջնական սպառման համար նախատեսված արտադրատեսակների ներմուծումն արգելելու որոշում։

Նման գնահատական «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում ներկայացրեց «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը։

***

«Երբ նայում էի այդ ապրանքների 77 էջանոց ցանկը, տեսա, որ դրա 90 տոկոսից ավելի ապրանքները հնարավոր է արտադրել Հայաստանում»,- նշեց Սամվել Գևորգյանը՝ հավելելով, որ հայկական բիզնեսի զարգացման կարճաժամկետ՝ ընդամենը 30 տարվա պատմության ընթացքում սպառողական ապրանքների ներմուծումը փոխարինող խոշոր արտադրություններ դեռեւս չեն հիմնվել։

Բիզնես խորհրդատուն թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինելու խնդիրը դիտարկեց կարճաժամկետ, միջնաժամկետ, եւ երկարաժամկետ այլընտրանքների տեսանկյունից։ Կարճաժամկետ տեսանկյունից այլընտրանքը, նրա խոսքով, պատրաստի արտադրանքն այլ երկրներից ներմուծելն է, որպեսզի մարդիկ կարողանան պահպանել բիզնեսը, աշխատատեղերը եւ եկամուտները։ Միջնաժամկետ այլընտրանքը կարող է լինել որոշակի հեշտ արտադրվող ապրանքների փոքր տեղական, օրինակ, պլաստմասե իրերի արտադրությունների հիմնումը։ Երկարաժամկետ այլընտրանքը փոքր արտադրություններ ընդլայնելն է՝ ներդրումների ապահովման միջոցով։

Սամվել Գեւորգյանի գնահատմամբ՝ տեղական արտադրությանն աջակցության առումով անհրաժեշտ է, որ կառավարությունն իրականացնի որոշակի քայլեր, ներդրումային դաշտում մեծանա որոշակիության աստիճանը, իսկ գործարարները նախաձեռնող լինեն։

«Ներդրողների հարցը միայն կառավարության հարցը չէ. կառավարությունը պետք է միջավայրը ստեղծի, եւ ձեռներեցները պետք է գտնեն, բերեն, ու այստեղ գալիս է զուտ բիզնեսի երիտասարդ լինելու հանգամանքը։ Հայաստանը բիզնես մտածելակերպի տեսանկյունից դեռ շատ պատրաստ չէ մեծ ծավալների արտադրություններ սկսելու, որովհետեւ փոքր ծավալները պետք է կրկնապատկենք, եռապատկենք, բայց խոշոր ծավալների համար խոշոր ներդրումներ են պետք»,- պարզաբանեց խորհրդատվական ընկերության ղեկավարը՝ նկատելով, որ հայ գործարարները պետք է հնարավորինս արագ արձագանքեն տեղական շուկայի պահանջարկը բավարարելու բացվող հնարավորություններին։

Այս առումով նա կարեւորեց այն հարցը, թե որքանով է սպառողը պատրաստ հայկական արտադրանք գնելու։ «Մենք Ֆեյսբուքում բացել ենք «Հայկականից լավը չկա» խումբ, որին ներգրավել ենք եւ՛ սպառողներին, եւ՛ արտադրողներին։ Սպառողների հիմնական արձագանքն այն է, որ տեղականը մի քիչ թանկ է ու այնքան էլ որակով չէ։ Ու երբ դնում ենք իրար կողք, պարզվում է, որ հայկականը թանկ չէ, ու լավ էլ որակով է։ Այսինքն՝ զուտ հուզական մակարդակում, ոչ ինֆորմացիոն մակարդակում կա ընկալման խնդիր, որը կարող է արագ լուծվել, եթե բիզնեսն ավելի ակտիվ լինի իրեն ճիշտ ներկայացնելու տեսանկյունից»,- ընդգծեց Սամվել Գեւորգյանը՝ կարեւորելով, որ պետությունը նաեւ շարունակի ներկայացնել որակ-գին հարաբերակցության լավագույն տարբերակներ առաջարկող հայկական ձեռնարկությունները։

Տեղական արտադրության համար թուրքական հումքի փոխարինման հարցին անդրադառնալով՝ նա նշեց, որ այս պարագայում անհրաժեշտ է ռազմավարական երկարաժամկետ մոտեցում ցուցաբերել զարգացնելու համար այն արտադրությունները, որոնց հումքը գոնե մասամբ կա Հայաստանում կամ ներմուծելը հեշտ է, լոգիստիկ ուղիները հեշտ են եւ էժան։ Բացի այդ, Հայաստանի նաեւ տրանսպորտային խնդիրները հաշվի առնելով, պետք է հիմնվեն այնպիսի արտադրություններ, որոնք կթողարկեն փոքր չափերի, նորարարական տեխնոլոգիաների եւ մտքի աշխատանքի հետ կապված, նվազագույն հումք պահանջող արտադրանք՝ հաշվի առնելով միջազգային եւ ներքին շուկայի այն հնարավոր պահանջարկը, որը լինելու է 5 կամ 10 տարի հետո։

«Մենք պետք է տեսնենք` մեզ որտեղ ենք դիտարկում 5 կամ 10 տարի հետո, ինչպիսի երկիր ենք ուզում տեսնել, ըստ այդմ, մեր տնտեսությունը զարգացնենք։ Այլապես հիմա ինչո՞վ ենք զբաղված՝ առօրյա օպերացիոն խնդիրներ լուծելով։ Դրանով տնտեսությունը չի աճի։ Խոսքը նրա մասին է, որ թե՛ ձեռներեցները, թե՛ հանրությունը, թե՛ կառավարությունը պետք է խնդիր դնի մեր դիմաց»,- նշեց նա՝ նկատելով, որ ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական պլանավորման խնդիրը շատ ու շատ ընկերություններ լուծում են, բայց դրանք կետային լուծումներ են, եւ անհրաժեշտ են գլոբալ լուծումներ։

Եզրափակելով՝ Սամվել Գեւորգյանը նշեց, որ իր տեսլականը Հայաստանը 10 տարի հետո որպես լուրջ տեխնոլոգիական, այլ ոչ թե կահույք, պլաստմասե իրեր արտադրող երկիր դարձնելն է։