Երբ հեռավոր 1991թ. հիմնադրեցի իմ առաջին բիզնեսը ծրագրավորման ոլորտում, չէի էլ մտածում, որ այն այդքան գրավիչ կլինի: Այն տարիներին բիզնես ունենալը ասոցացվում էր ավելի շատ փող աշխատելու հետ: Մասնագիտական հստակ ուղղվածություն ունեի: Չէի էլ պատկերացնում, որ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը ավարտելուց հետո մեկ այլ գործով կարող էի զբաղվել: Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում:
Բիզնեսի մասին ընկալումները սահմանափակ էին: Երկարաժամկետ կառավարման, անձնակազմի հետ աշխատանքի, ֆինանսական վերլուծությունների, ներդրումներ ներգրավելու, մարքեթինգային գործողությունների փորձ չկար: Չէիր կարող որևէ մեկից նույնիսկ խորհուրդ հարցնել․ ոչ ոք այդ փորձառությունը չուներ:
Շուտով դարձա հաջորդ բիզնեսի համահիմնադիրը բիզնես խորհրդատվության ոլորտում: Գաղափարը ծագեց Հայաստանում Ամերիկյան Համալասարանի բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչումը ստանալուն զուգահեռ, երբ «պարզվեց», որ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում գոյություն ունի կառավարման խորհրդատվական բիզնես: Շատ մարտահրավերային որոշում էր: Մի քանի տարի անց հիմնադրվեց նոր բիզնես գյուղատնտեսության ոլորտում: Որոշ ժամանակ անց ևս մեկը` արդյունաբերական սարքավորումներ և նյութեր:
Վերջերս միացա ևս մեկ բիզնեսի՝ կրկին ծրագրավորման ոլորտում: Եվ այստեղ շրջանը կարծես փակվեց. ամեն ինչ սկսվեց ծրագրավորումով և, կարծես, ավարտվում է հենց դրանով: Երբեք մի ասա երբեք: Չեմ կարող ասել, թե վաղն ինչ կլինի․ չէ՞ որ բիզնեսն անկախություն է, սեփական պատասխանատվություն, կյանքի որակ․ չէ՞ որ բիզնեսն իսկական արկած է...
____________________________________________________
Ես աշխատում եմ փոքր, միջին և խոշոր բիզնեսների հետ: Աշխատելիս հաշվի եմ առնում նրանց առանձնահատությունները. չէ՞ որ նրանց խնդիրները տարբեր են: Փոքրն ուզում է հաստատվել շուկայում, միջինը՝ բարձրացնել մրցունակությունը, խոշորը՝ ավելի արդյունավետ կառավարվել: Մի դեպքում աշխատում եմ սեփականատերերի, մյուս դեպքում՝ անձնակազմի, երրորդ դեպքում՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
Փոքր բիզնեսը ցանկանում է մեծանալ, միջինը՝ անցում է կատարում փոքրից դեպի ավելի մեծ, իսկ խոշոր բիզնեսը՝ ամրապնդել իր դիրքերը շուկայում: Այս խնդիրների լուծումները ընկերություններին բարձրացնում են մի քանի մակարդակ վերև՝ դարձնելով ավելի զարգացած, մրցունակ: Այս վերելքին պետք է պատրաստ լինել, այլապես բիզնեսի մեծանալուն զուգընթաց, կավելանան նաև խնդիրները:
____________________________________________________
Ամեն ինչ կախված է խնդրից: Ավելի կոնկրետ՝ խնդրի հստակ ձևակերպումից: Շատ դեպքերի եմ հանդիպել, երբ խնդիր է դրվել վաճառքի անձնակազմի վերապարաստման միջոցով ավելացնել վաճառքի ծավալները, բայց պարզվել է, որ վաճառքներին խոչընդոտում է բիզնեսում ռազմավարական պլանավորման բացակայությունը:
Բիզնեսի ներկա վիճակի ախտորոշումը կարևորագույն դեր ունի այս կոնտեքստում: Եթե չկա համապատասխան միջավայր, վաճառքների աճը կլինի ժամանակավոր, ոչ շարունակական:
Հաջորդ խնդիրը բիզնես պլանի մշակումն է, որը հնարավորություն է տալիս պլանավորել բիզնեսի գործունեության ամբողջ գործընթացը. մարքեթինգ, անձնակազմ, ֆինանսներ, արտադրություն / ծառայությունների մատուցում, ռիսկերի կառավարում: Արդյունավետ բիզնես գործընթացների հստակեցումը երկարաժամկետ մարքեթինգային, ֆինանսական և ներդրումային քաղաքականության պլանավորման հետևանք է:
Այս ամենի հիմքում բիզնեսի սեփականատերերի, տնօրինության, մենեջերների և անձնակազմի արժեքներն են: Նրանք են կառավարում բիզնեսը, և բիզնեսի թե՛ ներկան, թե՛ ապագան կախված է նրանց ներուժից, գիտելիքներից, փորձառությունից։ Ղեկավար անձանց քոուչինգն ուղղված է հենց այդ խնդրի լուծմանը: