Գրքի շնորհանդեսի միջոցառման կազմակերպում

Սեպտեմբերի 15, 2026  ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Բի Էս Սի» (BSC) Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հայտարարում է մրցույթ՝ բիզնես խորհրդատու, ձեռնարկատեր և հեղինակ Սամվել Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով։

Մենք փնտրում ենք միջոցառումների կազմակերպման փորձառու ընկերություններ/թիմեր, որոնք կիրականացնեն այս միջոցառման ամբողջական կազմակերպումն ու համակարգումը։

ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Սամվել Գևորգյանը բիզնեսի և կառավարման խորհրդատու է, ձեռնարկատեր և հեղինակ՝ Հայաստանում և միջազգային շուկայում ավելի քան 33 տարվա փորձառությամբ։ Նա 1994 թվականին Հայաստանում հիմնադրված «Բի Էս Սի» (BSC) Բիզնեսի Աջակցման Կենտրոնի՝ խորհրդատվական և բիզնեսի զարգացման առաջատար ընկերության հիմնադիր-տնօրենն է։

Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա աշխատում է բիզնեսների հետ՝ աջակցելով ռազմավարական պլանավորման, բիզնես գործընթացների օպտիմալացման, ախտորոշման, բիզնես պլանավորման, ինչպես նաև ղեկավար անձնակազմի քոուչինգի հարցերում։

Սամվել Գևորգյանը նաև բիզնեսի, մոտիվացիայի և կառավարման ոլորտում լայն տարածում և բարձր գնահատական ստացած մի շարք հայտնի գրքերի հեղինակ է։

  • Իր առաջին գրքում՝ «Քո սեփական բիզնեսը Հայաստանում», ներկայացված են հայկական բիզնեսի 200-ից ավելի օրինակ և պատմություն այնպիսի ոլորտներից, ինչպես ՏՏ, տուրիզմ, արտադրություն, ծառայություններ և այլն: Նրանք գրքի ասելիքը դարձնում են ավելի առարկայական, գործնական, մշտապես կիրառելի: Սամվել Գևորգյանի՝ սեփական բիզնեսներ հիմնելու և հաջողություններ գրանցելու փորձն ու գիտելիքները լրացուցիչ արժեք են ավելացնում գրքին: Գրքի հիմքում դրված է իր՝ սեփական բիզնեսներով զբաղվելու տարիների փորձը, բիզնեսի խորհրդատվական գործունեությունը հարյուրավոր ընկերությունների հետ և թրեյնինգային փորձառությունը։
  • Իր երկրորդ գիրքը «1 րոպե անց» գիրքն է, որը գրվել է պանդեմիայի ծանր շրջանում և ուղեցույց է, թե ինչպես հասնել անգերազանցելի արդյունքի և երաշխավորված շարժվել #ՄիշտԱռաջ։ Գիրքը նախատեսաված է այն անձանց համար, ովքեր գնահատում են յուրաքանչյուր րոպեն, ցանկություն ունեն բացահայտելու ամբողջ ներուժը, որոշել են խոչընդոտները դարձնել հնարավորություն և ձեռքից բաց չեն թողնում հնարավորությունները։
  • Եվ հեղինակի երրորդ գիրքը՝ «MINDSET CODE. ՕՐՎԱ ՔՈ ՌԻԹՄԸ»-ն է, որը ցույց է տալիս ուղին դեպի լիարժեք, նպատակային կյանք։ Այն ամեն օր ներկայացնում է օրվա MINDSET CODE-ը, դրա նկարագրությունը՝ MINDSET STORY, և ամենակարևորը՝ գործողություն՝ MINDSET ACTION։ Այս գրքում ներկայացված են ինքնաճանաչման ամենահզոր գործիքները։ Այն սովորեցնում է չվախենալ ձախողումից, այլ վախենալ չփորձելուց։
https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2026/09/BSC-Book-Competition-2026.jpg

Տեխնիկական Առաջադրանք

  • Ձևաչափ՝ Գրքի շնորհանդես (ելույթներ, կարճ տեսանյութի ցուցադրություն, կարճ համերգային հատված, գրքերի վաճառք/ստորագրում, հյուրասիրություն):
  • Վայր՝ Կինոյի կամ թատրոնի դահլիճային ձևաչափ։
  • Ամսաթիվ՝ 2026թ․ դեկտեմբերի 2 կամ 3 (երեկոյան)։
  • Մասնակիցներ՝ Շուրջ 500 հյուր, որից մոտ 100-ը՝ հատուկ հյուրեր։

Ընտրված ընկերությունը պետք է ապահովի միջոցառման ամբողջական կազմակերպումը, որը ներառում է՝

  • Միջոցառման ծրագրի/սցենարի մշակում։
  • Համապատասխան տարածքի որոնում, ամրագրում և համակարգում։
  • Ձայնային և լուսային տեխնիկայի ապահովում, էկրան/պրոյեկտոր/հեռուստացույցներ՝ հոլովակների ցուցադրության համար։
  • Տարածքի ձևավորում, պարտադիր առանձնացված Photo Zone և գրքերի ստորագրման հատուկ գոտի/սեղանի ձևավորում։
  • Քեյթրինգ/ֆուրշետային հյուրասիրության կազմակերպում։
  • Միջոցառման վարողի տրամադրում։
  • Հյուրերի գրանցման, դիմավորման և ուղեկցման թիմի աշխատանք։
  • Վաճառքի և հեղինակի ստորագրման հատվածի կազմակերպում և լոգիստիկա։
  • Պրոֆեսիոնալ լուսանկարահանում և տեսանկարահանում։
  • Հրավիրատոմսերի և տպագիր նյութերի պատրաստում։
  • Սոցիալական մեդիայի լուսաբանում, PR support և լրատվամիջոցների/հյուրերի հրավիրման աջակցություն։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել տեխնիկական և ֆինանսական առաջարկը, որը պետք է ներառի՝

  • Ընկերության պորտֆոլիոն (հաճախորդներ, իրականացված միջոցառումներ և այլն):
  • Ծառայության մատուցման առաջարկը։
  • Ծառայությունների գնառաջարկը (խնդրում ենք առաջարկում չներառել ադմինիստրատիվ բաղադրիչները՝ տարածքի վարձակալություն, հյուրասիրություն, տպագրական նյութեր, այլ)։

Հետադարձ կապ

  • Հայտերն ընդունվում են հետևյալ էլ․ հասցեով՝ development@bsc.am։
  • Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 57 47 78, (077) 57 47 78, Լիլիթ Տատինցյան՝ (095) 42 40 44:
  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 07/10/2026: