Business Books Samvel Gevorgyan’s new book – an assistant of important decisions

January 30, 2021by Samvel Gevorgyan

«Հերթական անգամ հնչեցին հերթական հարցերը. ցանկանում եմ բիզնես ունենալ, ինչի՞ց սկսեմ… մտածում եմ գործս փոխել, ինչի՞ց սկսեմ… փոփոխությունների կարիք եմ զգում, ինչի՞ց սկսեմ…»:

Սրանք հարցեր են, որոնց անհապաղ արձագանքելուց է կախված՝ արդյոք կլինի՞ ցանկալի փոփոխությունը #1րոպեանց: Նման կարեւոր որոշումներ կայացնելուն պետք է մշտապես պատրաստ լինել, եւ դրանում կարող է օգնել «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանի նոր գիրքը: Այն հենց այդպես էլ վերնագրված է՝ «1 րոպե անց»: Թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս, Banks.am-ը պարզել է հեղինակի հետ զրույցում:

***

 

«Եթե ժամանակին գործդ չես անում, այդ ժամանակն այլեւս չկա»

 

Մի վարժություն կա, որ հատկապես բիզնես դասընթացներում հաճախ է օգտագործվում: Մարդկանց ասվում է՝ փակեք աչքերն ու բացեք, երբ կանցնի 1 րոպե: Սամվել Գեւորգյանի խոսքով՝ այս վարժության ժամանակ մարդիկ 3 խմբի են բաժանվում. մոտ 60%-ն աչքերը բացում է ավելի վաղ, 30%-ը ավելի ուշ, եւ միայն 10%-ն է ժամանակին բացում: Այսինքն՝ մարդկանց 90%-ի մոտ չկա ժամանակի զգացումը:

«1 րոպեի՝ ոչ թե որպես ժամանակի միավորի, այլ որպես ժամանակի զգացողության բացակայությունը դժվար կառավարելի է դարձնում այն ամբողջը, ինչին անխուսափելիորեն առնչվում ենք կյանքում եւ բիզնեսում՝ շարունակական փոփոխություններ, մշտական անորոշություններ, անընդհատ ճգնաժամեր: 1 րոպեն ունիվերսալ միավոր է չափելու մեր հնարավորությունները, գիտելիքները, հմտությունները, արված գործերը, հաջողություններն ու արդյունքները:

Անընդհատ գնահատելով, թե ինչ ունեցար դու հաջորդ «րոպեին»՝ կարողանում ես որսալ պահն ու օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն»,- ասում է Սամվել Գեւորգյանը: Նա հավելում է, որ նման մոտեցման համար անհրաժեշտ է ստեղծել մի համակարգ, որտեղ արժեք է յուրաքանչյուր րոպեն եւ արդյունքները գրանցվում են ընդամենը «մեկ րոպե անց»:

 

«Ոչ ոք չգիտի՝ ինչի է ընդունակ, քանի դեռ չի նախաձեռնել որեւէ մեծ գործ»

 

Հեղինակի նախորդ՝ «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը, որ ներկայացնում է բիզնեսի պլանավորման, կազմակերպման, կառավարման ու զարգացման ընթացքը, սկսվում է վերջաբանից, որը մոտիվացիա հաղորդելու նպատակ ունի: Նրա խոսքով՝ գրքի ընթերցողները բաժանվեցին 2 խմբի.

«Մի մասն իրապես բիզնես նախաձեռնողներն էին, որ անմիջապես գործի անցան, մյուս մասը, թեեւ վերջաբանով մոտիվացվեցին, սակայն նրանց համար գրքի որոշ հատվածներ շարունակեցին «մութ» մնալ: Հիմնականում 18-30 տարեկանների մոտ որոշակի գաղափարական ճեղքվածք կար բիզնես աշխարհին պատրաստ լինելու տեսանկյունից: Այդ բացը լրացնելու համար էլ որոշեցի գրել «#1րոպեանց»-ը, որ ոչ միայն պարզապես ասում է՝ դու կարող ես, այլ քայլ առ քայլ ցույց է տալիս՝ ինչպես»,- մանրամասնում է Սամվել Գեւորգյանը:

Հեղինակը գիրքը սկսել է գրել 2020 թվականի ապրիլին, երբ համավարակով պայմանավորված խիստ սահմանափակումներ էին, ու ամեն ինչ կարծես կանգ էր առել: «Ինձ համար այդ «դադարը» խիստ անսովոր էր, դրա համար էլ սկսեցի արագ լուծումներ փնտրել: Ընկերությունում մի շարք նոր ծրագրեր նախաձեռնեցինք ու իրավիճակից դուրս եկանք: Այդ ընթացքում էլ սկսեցի գրքի վրա աշխատել՝ ցույց տալով, որ միշտ պետք է առաջ շարժվել՝ անկախ իրավիճակից»,- նշում է նա:

 

«Շատերն ուզում են լինել հաջողակների 1%-ի մեջ, սակայն անում են 99%-ի նման»

 

«1 րոպե անց»-ը մի շարք հարցերի բոլորովին այլ կերպ է մոտենում: Գրքում ներկայացվող վատ սովորությունների շարքում են չկարողանալ ոչ ասելը եւ անհանդուրժող լինելը: Թույլ կողմերը զարգացնելու համար էլ հեղինակը նոր բանաձեւ է առաջարկում.

«Մարդիկ հաճախ են ասում՝ ուզում եմ վերացնել թերություններս, բայց չեն փորձում դա անել ուժեղ կողմերը շեշտադրելու միջոցով: Ինձ ծանոթ մի գործարար կա, որ անգլերեն չգիտեր ու այդ պատճառով ցուցահանդեսների չէր մասնակցում: Ասացի նրան, որ իր մոտ շատ լավ է ստացվում մարդկանց հետ հաղորդակցվելը, ու նա կարող է դա անել անգամ առանց լեզուն իմանալու՝ ոչ վերբալ եղանակով: Դրանից հետո սկսեց մասնակցել միջազգային ցուցահանդեսների, կոնֆերանսների, շատ շփումների արդյունքում էլ անգլերեն սովորեց», – նշում է Սամվել Գեւորգյանը՝ հավելելով, որ սա ընդամենը մեկ օրինակ է բազմաթիվ այն եղանակներից, որոնցով կարելի է արագ հաղթահարել թերությունները:

 

 

«Ժամանակն է դիրքավորվելու», «Ժամանակն է գլոբալ մտածելու», «Ժամանակն է մեծ գործեր անելու»՝ գրքի այս եւ մյուս գլուխները կարող են յուրաքանչյուրին պատրաստել կարեւոր որոշումների կայացմանը: Գրքում տեղ են գտել նաեւ հեղինակի անձնական պատմությունները, որոնցում նա կիսվում է իր փորձով: Այս կերպ ուղեցույց-գիրքն ավելի կենդանի է դառնում ու բառերն առարկայանում են: Քանի որ գիրքն ուղղված է երիտասարդներին, այն գրված է սոցիալական ցանցերի լեզվի ձեւաչափով: Ընթերցանությունն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով էլ գրքում որոշակի բովանդակային նրբություններ կան, որ պետք է բացահայտի ընթերցողը:

 

«Եթե դու նման ես ուրիշներին, ապա դու նման չես ինքդ քեզ»

 

Նպատակն է, որ գրքի ամբողջ տպաքանակը՝ 1000 օրինակ, ավարտվի շնորհանդեսից 1 րոպե անց, որը համահունչ կլինի գրքի բովանդակության հետ: Սամվել Գեւորգյանի խոսքով՝ 17 օրվա ընթացքում 1000 գիրք վաճառելու փորձ Հայաստանում դեռեւս չկա: «Բոլորն ինձ ասում էին՝ անհնար է, բայց ինչպես գրքում եմ նշում, եթե շատերն ասում են, որ գաղափարդ անիրագործելի է, ուրեմն իսկական ժամանակն է դրանով զբաղվելու»,- նշում է Սամվել Գեւորգյանը՝ ընդգծելով, որ սա գրքում առկա գաղափարների գործուն օրինակը կլինի:

Շնորհանդեսի ձեւաչափը եւս բոլորովին այլ է լինելու՝ սպասվում են հետաքրքիր միջոցառում, անակնկալներ եւ հատուկ չելենջներ: Այն տեղի կունենա LOFT-ում փետրվարի 11-ին՝ ժամը 19:00-ին: Գրքի հեղինակի խոսքով՝ շնորհանդեսը լինելու է ոչ թե ինչ-որ բանի սկիզբը, այլ իրադարձություն, որը սկիզբ է դնելու նոր գաղափարների: «1 րոպե անց»-ն ավարտվում է «Փորձում եմ, ու հաջողվում է» մարտահրավերով: Իսկ արդյունքը նշմարվում է ընդամենը #1րոպեանց:

«1 րոպե անց» գրքի մասին տեղեկությունների և գնման համար այցելեք ՝ https://books.samvelgevorgyan.com կայք…

Գիրքն արդեն վաճառքում է հիմնական գրախանութներում եւ առցանց հարթակներում: