Հայաստանի մարզերի բիզնես դեմքը Լոռի. Հայաստանի մարզերի բիզնես դեմքը

Հունիսի 18, 2019ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԼՈՌԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ Է

 

Լոռին բնակչության թվով Հայաստանում առաջին մարզն է: Ունենալով մարդկային ռեսուրսի մեծ պոտենցիալ՝ մարզը եղել է, կա եւ ամենայն հավանականությամբ կմնա Հայաստանի կարեւորագույն բիզնես հարթակներից մեկը: Այն նաեւ բացառիկ մարզ է, գուցե միակը, որում ներառված բոլոր շրջանները իրենց բնակլիմայական, աշխարհագրական, մշակութային եւ այլ բնութագրերով իրարից համարյա չեն տարբերվում:

 

 

Տաշիրը, Թումանյանը, Ստեփանավանը, Սպիտակը կազմում են ամբողջական եւ համապարփակ տարածք՝ իրար ամուր կապող բազմաթիվ գործոններով: Այս ամբողջականությունն ուղղակիորեն արտահայտվում է նաեւ բիզնես միջավայրում՝ տեղային որոշ առանձնահատկություններով: Օրինակ, մարզկենտրոնի արդյունաբերական կարողությունները «հակադրվում են» հյուսիսային տարածքների գյուղատնտեսական պոտենցիալին, մինչդեռ տուրիզմի հնարավորություններն անսահմանափակ են մարզի բացառապես բոլոր շրջաններում:

 

 

ԱՆՑՅԱԼԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ

 

Դեռ խորհրդային տարիներին Վանաձորը համարվում էր Հայաստանի արդյունաբերական հզորությամբ երկրորդ քաղաքը՝ ծանր եւ թեթեւ արդյունաբերության մի քանի տասնյակ գործարաններով: Ճիշտ է, այդ հզորություններից համարյա ոչինչ չի մնացել, սակայն փաստ է, որ ներկայում էլ Վանաձորը բիզնես ակտիվությամբ Հայաստանում երկրորդն է՝ Երեւանից հետո: Դա արտահայտվում է նաեւ նրանով, որ վանաձորյան փոքր եւ միջին շատ ընկերություններ պլանավորում են ներկայություն ապահովել նաեւ երեւանյան շուկայում: «Գլորիա», «Լուսիա ֆուդ», «Սոխակյան դիզայն», «Աստերի»… Այս ընկերությունների ցանկը կարելի է շարունակել, որոնք բիզնես «ագրեսիվություն» են ցուցաբերում ոչ միայն լոկալ շուկաներում:

 

 

Ներկայում փորձ է արվում վերականգնել ոչ միայն տեքստիլ արդյունաբերության երբեմնի համբավը, այլեւ ստեղծվում են նոր ուղղություններ: Վանաձորցի գործարար Կարո Դոլմաջյանը, հիմնադրելով վառելիքի համար նախատեսված բրիկետների արտադրություն, փորձ է անում Հայաստանի էներգետիկ անկախությունն ուժեղացնելուց բացի, նոր մոտեցումներ ձեւավորել արտադրության կազմակերպման եւ կառավարման ոլորտներում:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԵՐԿԱՆ

 

2018թ. սկզբին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ներկայացնում էի իմ՝ «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը: Ուշագրավ է, որ գրքի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը եղավ Վանաձորում: Վերջին երեք տարվա ընթացքում մի քանի սեմինար անցկացրի Ստեփանավանում, Ալավերդիում եւ Վանաձորում՝ «Սեփական բիզնես Հայաստանում» թեմայով: Բոլորը ցանկանում են սկսել սեփական գործ, բոլորը՝ իրենց համայնքներում. հյուրատուն, մանկական զարգացման կենտրոն, արկածային եւ գյուղական տուրիզմ, հանրային սննդի կետեր: Ընդ որում, նրանց բացարձակ մեծամասնությունը երիտասարդներ են եւ նրանցից ոմանք արդեն հաջողել են:

Հայաստանում ռաֆթինգի զարգացումը, որը նախաձեռնել է Գեւորգ Վարդանյանը, լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է ներքին զբոսաշրջությունը դարձնել գրավիչ եւ շահութաբեր: Լոռու մարզում եւ մասնավորապես՝ Վանաձորում, ձեռնարկատիրական ոգին շնչում է: Սակայն խնդիր կա. շատ շատերը նմանատիպ են մտածում, նույն գաղափարներն են, նույն մոտեցումները: Դեռեւս առկա է գլոբալ մտածելակերպի, խնդիրների լուծման պատրաստակամության եւ գլոբալ մարտահրավերների ընդունման պակաս:

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Զբոսաշրջության տեսանկյունից Լոռու մարզի ռազմավարական դիրքը եւ բնությունը լավագույն հնարավորություններն են ստեղծում՝ կենտրոնանալու ոչ միայն արտաքին, այլեւ ներքին շուկաների վրա: Մարզը կարող է դառնալ Հայաստանի սպորտային տուրիզմի կենտրոն: Մարզում մեծ արագությամբ բացվում են նոր հյուրատներ եւ հյուրանոցներ՝ ապահովելով զբոսաշրջիկի մի քանի օրվա ներկայությունը մարզում:

 

 

Թեթեւ արդյունաբերության երբեմնի համբավը վերականգնվում է՝ շնորհիվ նորաստեղծ արտադրություննների, որոնցից ամենախոշորը «Գլորիա»-ն է: Արտադրանքի առյուծի բաժինը արտահանվում է, որի շնորհիվ ստեղծվել է մի քանի հարյուր կայուն աշխատատեղ: Առաջիկա ծրագրերի թվում մի քանի այդպիսի ձեռնարկությունների հիմնադրումն է:

Ստեփանավանի տարածաշրջանի ֆերմերային տնտեսությունները սկսում են դառնալ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության առաջատարներ՝ արտադրելով ոչ ավանդական բանջարեղենի տարբեր տեսակներ: Սննդի վերամշակման առումով առանձնանում է Տաշիրի տարածաշրջանը, որի պանիրները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս:

 

ԼՈՌՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ

 

Այս ամենով հանդերձ՝ Լոռին դիրքավորվում է որպես նորարարական եւ տեխնոլոգիական կենտրոն: Գյումրիից հետո, շնորհիվ EIF-ի, բացվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, որը տրամադրություն փոխեց մարզում: Իսկ երբ 2018-ին մարզի Դեբետ համայնքում Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը բացեց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը, Լոռին էլ ավելի ամուր դրեց ապագայի հիմքերը: Այս ճյուղը կարող է ապահովել նաեւ գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ արդյունաբերության արդյունավետ գործունեությունը՝ հնարավորություն տալով բարձրացնել մարզի տնտեսական ներուժի մրցունակությունը ոչ միայն հայկական, այլեւ միջազգային բիզնես հարթակներում: