Հայաստանի մարզերի բիզնես դեմքը Շիրակ. Հայաստանի մարզերի բիզնես դեմքը

Մայիսի 17, 2019ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՄԱՆ ՈՒ ՏԱՐԲԵՐ ՇԻՐԱԿԸ

 

Ամեն անգամ, երբ այցելում եմ Շիրակի մարզ, երկակի զգացողություն եմ ունենում: Մի կողմից՝ այն ամբողջությամբ ասոցացվում է Գյումրիի հետ. կարծես ամեն ինչ միատարր է: Երբ խոսում ես Շիրակի մարզի մասին, առաջինը, որ մտքիդ գալիս է, Գյումրին է: Մյուս կողմից էլ՝ մարզը զարմացնում է իր բազմազանությամբ. Արթիկը, Ջաջուռը, Ամասիան… Ավելի շատ կարելի է տարբերություններ գտնել, քան նմանություններ: Ու այդ երեք հիմնական տարածաշրջաններն էլ՝ Ամասիա-Աշոցքը, Գյումրին եւ Արթիկ-Մարալիկը, թելադրում են իրենց օրակարգերը, որոնք արտահայտված են նաեւ բիզնեսի ոլորտում:

 

 

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՏՈՒՖԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ

 

Երեւանից դեպի Շիրակի մարզ ճանապարհին առաջինը Արթիկ-Մարալիկ երկյակն է: Երեւանի վարդագույն լինելը Արթիկի շնորհքն է: Արթիկի տուֆի հանքերը հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլ նրանից դուրս՝ ԱՊՀ երկրներ, Եվրոպա, ԱՄՆ: Արթիկը մեկ այլ առավելություն էլ ունի։ Դա քաղաքի դիրքն է, որին երկու կողմից հասանելի են ռազմավարական, միջպետական ճանապարհները. Երեւան-Գյումրի-պետական սահման՝ բազմաչարչար «Հյուսիս-հարավ» ճանապարհի մի հատվածը, եւ դեպի Վանաձոր, Ալավերդի, Բագրատաշեն տանող ճանապարհը։

 

ԳՅՈՒՄՐԻՆ ԿՈՆՏՐԱՍՏՆԵՐԻ ՔԱՂԱՔ Է

 

«Իսկ դուք այստեղ բիզնես ունե՞ք»,- այս հարցն ինձ միայն Գյումրիում են տալիս, երբ որեւէ դասընթաց կամ խորհրդատվական նախագիծ եմ իրականացնում: Ցանկանում են հասկանալ՝ վստահե՞լ, թե՞ ոչ, ցանկանում են պարզել՝ իրենցի՞ց ես, թե՞ ոչ: Վստահությունը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ իր շրջապատ թողնելը, գյումրեցու համար ամենակարեւոր գործոնն է:

 

Գյումրին էմոցիաների եւ կոնտրաստների քաղաք է: Երբ «Լոֆթ»-ում բիզնես սկսելու դասընթաց է, դիմացի շենքում վարկ են վերցնում՝ «յոլա գնալու» համար: Երբ քայլում ես քարուքանդ փողոցներով, բայց կողքդ գեղեցիկ նախշաքարերով շինություններ են՝ աչք շոյող դռներով: Երբ հիանում եւ մոտիվացվում ես Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի երիտասարդներով, իսկ դիմացի այգում պարապ թրեւ են գալիս մեկ այլ տեսակի «ջահելներ»: Ամալյա Թումասյանը՝ «Լոֆթ Գյումրի»-ի տնօրենը, մի անգամ հետաքրքիր միտք ասաց, որ գյումրեցի երիտասարդը տարբեր է «Լոֆթ»-ի մեջ եւ դրանից դուրս: Դրսում մտահոգ են, իսկ երբ դռնից ներս են մտնում, դեմքին ժպիտ է հայտնվում:

Գյումրեցին իր կարծիքն անպայման պետք է հայտնի, նույնիսկ այն դեպքում, երբ դրա մասին նրան ոչ ոք չի հարցնում: Գյումրիում՝ բանկերից մեկում դասընթաց էինք անում, սրահում նստած ոստիկանը լսեց-լսեց, ընդմիջմանը մոտեցավ ինձ ու ասաց. «Ընպես չէ, որ քո ասածների հետ համաձայն եմ»:

Անկախ ամեն ինչից, ես ինձ Գյումրիում լավ եմ զգում: Գյումրին հնարավոր չէ չսիրել:

 

ԳՅՈՒՄՐԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՔԱՂԱՔ Է

 

Գյումրին կարող է բիզնեսով շնչել: Բարեբախտաբար, արդեն սկսել է…Խոսքը լուրջ, ապագային ուղղված, առաջատար տեխնոլոգիաներով զինված բիզնեսի մասին է: Մի քանի տարի առաջ «Գյումրի հիմնադրամի» պատվերով BSC-ն հետազոտական եւ խորհրդատվական նախագիծ էր իրականացնում՝ «Գյումրին մշակութային տուրիզմի կենտրոն» թեմայով: Ահռելի մեծ հնարավորություններ կան, նույնիսկ չբացահայտված: Մշակույթների եւ արհեստների քաղաքը կարող է վերածվել հզոր տուրիստական կենտրոնի: Ու շատ արագ:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) շնչառություն հաղորդեց քաղաքին այն ժամանակ, երբ ամեն ինչ թվում էր անհույս: Սա մեծ հնարավորություն է քաղաքի համար, ներգրավելու հայկական եւ արտասահմանյան ՏՏ ոլորտի խոշոր բիզնեսների: Գործընթացն արդեն սկսվել է՝ շնորհիվ EIF-ի եւ անձամբ Ամալյա Եղոյանի:

Սկսվել են դանդաղորեն վերականգնվել թեթեւ արդյունաբերության երբեմնի ձեռքբերումները: Երբ ապրիլին Գյումրիում էի, այցելեցի «Զաքարյան» ընկերության հիմնադրած ջինսերի արտադրություն. 80-ից ավելի աշխատատեղ, արտահանմանն ուղղված արտադրատեսականի, որակյալ արտադրանք: Ինչ հպարտությամբ էին հիմնադիրներն ու աշխատողները պատմում արտադրության մասին, ինչ պատասխանատվություն էին զգում աշխատանքի հանդեպ, ինչ զգուշությամբ էին վերաբերվում թանկարժեք սարքավորումներին: Երբ ընկերության կոմերցիոն տնօրեն Լիլիթ Զաքարյանը պատմում էր ռազմավարության մասին, արդեն պարզ էր, որ այն հաջողություն է ունենալու: Գյումրիում գործող բիզնեսներից քչերն են մտածում ռազմավարության մասին: Բայց պետք է:

 

 

ԴԵՊԻ ԲԱՎՐԱ

 

Դեպի հյուսիս տարածվող շրջանները՝ Ամասիան ու Աշոցքը, ավելի հիշվում են խստաշունչ ձմեռներով եւ կաթի վերամշակմամբ. երկու առավելություն, որ պետք է օգտագործել: ԵՄ-ն արդեն նախագծեր է սկսել իրականացնել՝ Ամասիան ձմեռային հանգստի եւ մարզաձեւերի կենտրոն դարձնելու ուղղությամբ: «Բանդեւան»-ի եւ «Իգիթ»-ի կաթնամթերքն էլ, հատկապես՝ պանիրները, միայն բարձր որակի հետ են ասոցացվում: Բայց այս տարածաշրջանում կան նաեւ այլ հնարավորություններ: Օրինակ, շատ քիչ են օգտագործվում սարերի բարիքները՝ բնական թեյերի եւ դեղաբույսերի հավաքման եւ փաթեթավորման առումով: Մասնագետներն ավելի հստակ կասեն, բայց կարծեմ՝ Ամասիայի եւ Աշոցքի սարերում կան բույսեր, որոնք եզակի են Հայաստանի համար:

 

 

Տեքստիլ արդյունաբերությունը կարող է լինել եւս մեկ զարգացման ուղղություն, հատկապես՝ քաղաքային համայնքներում: Իսկ գյուղական շրջաններում անասնապահությունն ու հատկապես, ոչխարաբուծությունը, անսահման հնարավորություններ ունեն:

 

ԱՊԱԳԱՅԻՆ ՆԱՅԵԼՈՎ

 

Շիրակի մարզի տնտեսությունը, իմ կարծիքով, մեծ հնարավորություններ ունի վերականգնելու պատմական ցուցանիշները, երբ այն համարվում էր Հայաստանի տնտեսության 2-րդ խոշորագույն կենտրոնը: Առաջնահերթ խնդիրը ճանապարհների վերականգնումն է: Մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ճանապարհի հետ շատ մեծ հույսեր կարելի է կապել: Չնայած, այն դեռ պետք է կառուցվի: Եթե ճանապարհները կառուցվեն, հավատում եմ, որ մարզն աննկարագրելի մեծ արագությամբ զարգանալու է ու միայն ներքին ռեսուրսների հաշվին: Մյուս կողմից էլ՝ մարզն արդեն հետաքրքիր է դառնում արտաքին ներդրողների համար: Մարզը, շնորհիվ ԱՏՁՄ-ի կողմից բացվող «Արմաթ» լաբորատորիաների եւ վերոնշյալ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի, կարող է էական դեր ունենալ հայկական տեխնոլոգիական առաջընթացի գործում:

Տուրիզմի տեսանկյունից, եթե ասել՝ կան հնարավորություններ, նշանակում է` ոչինչ չասել: Բուսական աշխարհը, լանդշաֆտների առանձնահատկությունները, պատմական հուշարձանների բազմազանությունը, արհեստագործական հնարավորությունները միայն մի փոքր մասն են, որ կարող են խթանել տուրիզմի արագ աճը եւ զարգացումը մարզում:

 

 

Արկածային եւ ձմեռային տուրիզմն էլ, հատկապես՝ մարզի հյուսիսում, ամենագրավիչներից մեկը կարող է դառնալ Հայաստանում: Ներդրումներ ներգրավելու պարագայում Լագեռ կոչվող տարածքն էլ, որն ունի ծաղկաձորյան կլիմա, կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոն, այսպես ասած՝ երկրորդ Ծաղկաձոր:

Շատ մեծ հեռանկարներ ունի նաեւ սոցիալական ձեռնարկատիրության ապագան: Հայաստանում առաջին՝ «Արեգակ» ներառական սրճարանը դրա լավագույն օրինակն է: