Գեղարքունիք. Հայաստանի մարզերի բիզնես դեմքը

ՍԵՎԱՆԻ ԿՈՂՔՈՎ ԱՆՑՆԵԼԻՍ

 

Հայաստանյան բիզնես ճամփորդությունս սկսեմ Սեւանի շուրջ սփռված մարզից` Գեղարքունիքից: Մի քանի պատճառ կա, թե ինչու հենց այստեղից:

Ամենակարեւորը, լինելով Հայաստանի ամենամեծ լիճը, այն չափազանց մեծ նշանակություն ունի հայերիս համար՝ պատմական, հոգեբանական, քաղաքական, բնապահպանական եւ տնտեսական առումներով: Իզուր չէ, որ Սեւանը ծով ենք անվանում, հատկապես՝ նրա շուրջ ապրող մարդիկ: Այն միշտ բոլորիս ուշադրության կենտրոնում է. ջրի մակարդակը, ձկնային պաշարը, բնությունը միշտ էլ եղել են քաղաքական եւ կենցաղային քննարկումների թոփ թեմաներ:

Տարվա ընթացքում մի քանի տասնյակ անգամ անցնում եմ Սեւանի կողքով: Գեղարքունիքի մարզի բիզնես դեմքն արտահայտված է հենց Սեւանա լճի շուրջ լինելու հանգամանքով: Թերեւս միայն Ճամբարակի շրջանն է, որ մի փոքր շեղվում է ընդհանուր պատկերից: Այստեղի տնտեսության կառուցվածքն ավելի մոտ է Տավուշի մարզին, հատկապես՝ Բերդի տարածաշրջանին: Ավելի շուտ լեռնցի են ու դրանից բխող բնավորության գծերով. շատ աշխատասեր, քարից հաց քամող եւ ուժեղ կամքով:

Իսկ, օրինակ, Սեւանը, Վարդենիսը, Մարտունին, Գավառը «սեւանյան» թեմայի մեջ են: Տուրիզմի ոլորտում նրանք հակված են աշխատելու 3-4 ամիս՝ հաշվի առնելով եղանակային պայմանները: Ու սովորել են այդ վիճակին, դժվարանում են մտածել այլ ամիսների հնարավորությունների մասին: Տարիներ շարունակ այս ոճով աշխատելն էլ բերել է նրան, որ կարճ ժամանակահատվածում ձգտում են ավելի շատ գումար աշխատել: Ինչպես ժողովուրդն է ասում՝ «աչքս տեսնի»:

 

 

Այս մարզի բիզնես դեմքը հիմնականում ներկայացնում են ձկնային պաշարներն ու տուրիզմը: Վերջինը հիմնականում թիրախավորված է ներքին շուկայի վրա, իսկ ձկնամթերքն արդեն ստացել է արտահանման ուղղվածություն:

Վարդենիսի եւ Ճամբարակի պարագայում անասնապահությունը մեծ դերակատարում ունի, մինչդեռ մարզի այլ շրջաններում գերիշխում են տվյալ տարածաշրջանին բնորոշ բիզնեսներ: Գավառի քյուֆթան ու փախլավան, Մարտունու շինարարները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս:

 

ՉԻՐԱՑՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Գեղարքունիքի մասին խոսելիս այն ասոցացվում է «չիրացված հնարավորությունների մարզ»-ի հետ: Օրինակ, արտագնա աշխատանքի մեկնողների չափազանց մեծ թիվը: Մարդիկ, որոնք իրենց աշխատունակությունը ներդնում են հիմնականում Ռուսաստանում ճանապարհներ կառուցելու վրա, իսկ Մարտունու, Գավառի եւ Վարդենիսի ճանապարհների վիճակի մասին խոսելիս միայն կարելի է խոր հոգոց հանել:

Անսահմանափակ հնարավորություններ կան նաեւ արտաքին տուրիզմի զարգացման առումով: Չնայած սեզոնային գործոններին՝ լողալ հնարավոր է միայն ամռան ամիսներին, Սեւանը կարող է դառնալ ձմեռային տոնավաճառների, պատմական, բնապահպանական թեմաներ պարունակող միջոցառումների անցկացման կենտրոն: Վերականգնվող էներգետիկան, կաթնամթերքի լայնածավալ արտադրությունը, արդյունաբերական գյուղատնտեսությունը եւ այլ ոլորտները կարող են ապահովել մարզի տնտեսական ակտիվության կտրուկ աճ:

 

ԱՊԱԳԱՅԻՆ ՆԱՅԵԼՈՎ

 

Մեկ տարի առաջ Գավառում եւ Ճամբարակում երկու դասընթաց անցկացրի «Բիզնես գաղափարների գեներացում» թեմայով: Մասնակիցները միայն երիտասարդներ էի՝ մինչեւ 35 տարեկան: Նրանք այս ամենին այլ աչքով են նայում: Ոչ թե «յոլա գնալու», այլ զարգանալու տրամաբանությունը գերիշխող էր բոլորի մոտ: Տարբեր բիզնես գաղափարներ էին ներկայացնում, սակայն մոտեցումը մեկն էր՝ պետք է արժեք ստեղծել քո հողի վրա եւ քո համայնքում: Ու առաջին՝ «Ինչո՞ւ եք ցանկանում սեփական բիզնես սկսել» հարցիս արձագանքը տվեց բոլոր պատասխանները. «Ցանկանում ենք մնալ Հայաստանում՝ մեր քաղաքում»: Ու ճամբարակցի Հովսեփը, Լիլիթը, Աննան, սեւանցի Նարեկը, գավառցի Սերինեն, Գրիշան ու նրանց ընկերներն ամեն օր գործով ապացուցում են դա:

Ուիլիամ Բլեքն ասել է. «Ինչ որ հիմա ապացուցված է, ժամանակին եղել է երազանք»: Երբ ուզում ես ինչ-որ բան իրականացնել, պետք է երազել այդ մասին: Հիմա, ես երազում եմ ու պատկերացնում Սեւանի խնամված ափերը, բազմաթիվ հյուրանոցները, հարյուր հազարավոր տուրիստները, արդյունաբերական եւ գյուղատնտեսական մեծ համալիրները, արեւային կայանները: Բայց երազելը առաջին քայլն է, պետք է անել հաջորդը...