Business growth “How can a consultant…” save a business?

December 13, 2021by Samvel Gevorgyan

Առանց նեղ մասնագիտական խորհրդատվության բիզնեսի հիմնումն ու վարումը չափազանց ռիսկային է։ Մասնագիտական նրբությունների բացակայությունը հանգեցնում է իրավիճակների, երբ պետք է պարզապես «փրկել» եղածը․․․ Հենց աս մասին է մեր զրույցը բիզնես խորհրդատու Սամվել Գևորգյանի հետ՝ investmagazine.am

Սամվել Գևորգյանը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, հեղինակել է «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» և «1 րոպե անց» բեսթսելեր գրքերը, միևնույն ժամանակ 5 բիզնես է հիմնադրել։ Նա նաև IMC Armenia-ի հիմնադիր-անդամ է։

 

– Որո՞նք են այն իրավիճակները, որոնք ընկերությանը հասցնում են ծայրահեղ վիճակի։

 

Ի սկզբանե, կուզենայի պատասխանը սկսեի հետևյալ հարցով. «Ի՞նչ է նշանակում ծայրահեղ վիճակ»: Դա այն դեպքն է, երբ բիզնեսի համար կան հնարավոր բացասական զարգացման բազմաթիվ սցենարներ, սակայն լավագույն ճանապարհը ընտրելու դժվարություններ կան. տեղեկատվության, գիտելիքի, գործիքների և փորձառության պակաս:

Օրինակ, ուժեղ մրցակցի ի հայտ գալը շուկայում: Գաղտնիք չէ, որ առաջիկա տարիներին սպասվում է հզոր ընկերությունների մուտք հայկական մանրածախ առևտրի, բանկային, լոգիստիկայի և այլ ոլորտներում:

Մյուս օրինակը, բիզնեսը ժառանգաբար փոխանցման ձախողումն է: Այս պարագայում գործ ունենք ոչ միայն բիզնեսի հիմնադրի և նրա ժառանգի հետ, այլ նաև աշխատակազմի, որը կարող է խարխլվել անորոշությունների պատճառով:

Ծայրահեղ վիճակի հանգեցնելու հաջորդ դեպքը արտաքին միջավայրում անսպասելի փոփոխություններն են և անպատրաստ լինելը: Ցավոք, վերջին տարիներին անընդհատ առնչվում ենք նմանատիպ իրավիճակների. Կովիդ, պատերազմ, գլոբալ տնտեսական հակամարտություններ…

Ընկերությունում նոր համակարգեր և բիզնես պրոցեսներ ներդնելու անպատրաստ լինելը: Ամեն ինչ արագ է փոխվում և այդ ամենին պետք է պատրաստ լինել ոչ միայն մտածելակերպով, այլ նաև բիզնեսը վարելու հստակ գործիքակազմով: Վերջերս, մի դեպքի հանդիպեցի, երբ բիզնեսի սեփականատերը դժվարությամբ էր համակերպվում փոփոխել ապրանքի փաթեթավորումը, քանի որ ամբողջ սիտով «սիրահարվել էր» դրան: Իսկ հաճապորդը, պարզվեց, անուշադրության էր մատնել այդ տիպի փաթեթավորումը:

 

– Ի՞նչ հիմնական սխալներ կան, որոնք թույլ են տալիս ընկերությունները։

 

Ավելի շուտ ոչ թե սխալներ, այլ թերացումներ: Ամենատարածվածներից մեկը, որ բիզնեսների մեծամասնությունը չունեն ռազմավարություն: Որտե՞ղ են իրենց պատկերացնում 5 տարի անց: Ի՞նչ կարգավիճակում: Ո՞ր շուկաներում: Ի՞նչ ապրանքներով:

Մյուս կողմից էլ որոշ ընկերություններ ունենալով ռազմավարություն, հաշվի չեն առնում առկա ռեսուրսները, որի պատճառով ձախողում են ռազմավարության իրականացումը:

Աշխատակազմի շարունակական կրթությանը անուշադրության մատնելը ամենաբացասական հետևանքներ թողող թերացումներից են:

Իհարկե, ցանկը կարելի է շարունակել, սակայն խնդիրը ոչ թե ցանկի ամբողջական լինելն է, այլ նրանց բացահայտումն ու լուծումներ տալը:

 

– Ի՞նչ կարող է անել բիզնես խորհրդատուն։ Որտեղի՞ց է սկսվում նրա գործունեությունը։

 

Խորհրդատուն, առաջին հերթին, խնդիրը դիտարկում է «կողմակի» աչքերով: Այն ավելի գլոբալ պատկեր է ցույց տալիս: Դու շախմատի խաղաքարերից մե՞կն ես, թե՞ խաղացողը. Այս մտածելակերպը էական նշանակություն ունի խնդրի բացահայտման, ճիշտ ձևակերպման և լուծումներ գտնելու առումով: Դա էլ խորհրդատուի աշխատանքն է:

Ավելին, խորհրդատուն տիրապետում է մեծ գործիքակազմի, որոնք հեշտացնում են խնդրի լուոծում` խնայելով ահռելի ռեսուրսներ: Մեկ օրինակ հիշեցի, երբ շինանյութեր արտադրող ընկերության ղեկավարությունը չէր կարողանում կողմորոշվել թե որ գործունությունն է առավել կարևոր առաջիկա տարվա ընթացքում, որտեղ ներդնել առկա ռեսուրսները: Գոյություն ունի գործիք, որը կոչվում է «Խելացի զույգեր» առաջնահերթություններ սահմանում, որի միջոցով հնարավոր է լինում ընտրել և կենտրոնանալ առավել կարևոր ոլորտնրի վրա:

Բիզնեսի կառավարման խորհրդատուի հարաբերությունները բիզնեսի հետ սկսվում է իրար նկատմամբ վստահության ձեռքբերումից: Եթե խորհրդատուն և բիզնեսի սեփականատերը կամ տնօրենը չվստահեն միմիանց, ապա աշխատանքի արդյունքից երկկողմանի դժգոհ կլինեն: Ավելին, ամեն ինչ կավարտվի նրանով, որ հաճախորդը կարտաբերի հաճախակի հնչող միտքը. «մենք դա արդեն գիտենք»:

Հաջորդ փուլը խնդրի ախտորոշումն է, թե որտեղից է այն ծագել, ինչ բացասական երևույթներ է առաջացնում, ինչ վնաս է հասցնում բիզնեսին: Վերոհիշյալ խոսում էինք գործիքակազմից: Այս փուլում ևս կան բազմաթիվ արդյունավետ տեխնիկաներ հստակ սահմանելու խնդրի էությունը. Ոչ թե այն ինչ թվում է, այլ այն, ինչ իրականում կա:

Որից հետո արդեն մշակվում է գործողությունների ծրագիրը, այն իրականացվում է և խնդրի ուծման տարբերակները ներկայացնում հաճախորդին` խորհրդատվական պրոցեսի վերջին փուլում:

Որպես ամփոփում, նշեմ, որ գլոբալ առումով խորհրդատույի դերը երկուսն են. բացահայտել և սահմանել խնդիրը և առաջարկել լուծումների մի քանի սցենրա:

Կարևոր է շեշտել, որ բոլոր փուլերում անհրաժեշտ է բիզնեսի և խորհրդատուի սերտ համագործակցությունը: Առանց իրար ամբողջությամբհասկանալու և խնդիրները համատեղ լուծելու պատրաստակամությամբ, խորհրդատվական նախագծերի ձախողման հավանականությունը շատ մեծ է:

 

– Հիմնականում ի՞նչ քայլեր են արվում բիզնեսը փրկելու և զարգացման ուղու վրա դնելու համար։

 

Բնականաբար, բիզնեսի համար վտանգավոր իրավիճակների մասին կանխազգում են բիզնեսի սեփականատերերըկամ թոփ մենեջերները: Այդ զգացողության ընկալումն է, որ նրանք դիմում են կառավարման խորհրդատույիօգնությանը: Կան բիզնեսներ, որբ այդ զգացողությունը չկա, անտեսվում է, կամ ընդհանրապես չի էլ հասկացվում, թե ինչ է տեղի ունենում:

Ի՞նչ է անում խորհրդատու այս պարագայում, ո՞րն է նրա դերը այս պարագայում: Անգլերեն լավ արտահայտություն կա, consulting intervantion, խորհրդատվական միջամտություն, եթե ուղղակի թարգմանենք կամ խորհրդատվականներգրավվածություն: ՀԻմնականում գործում է նախորդ հարցի պատասխանի տրամաբանությունը: Ավելին, մշակվում են հնարավոր զարգացման մի քանի սցենար: Դիտարկվում է շուկայում տեղի ունեցող փոփոխությունները ոչ միայն ներկա ժամանակահատվածում, այլ նաև, որը ավելի կարևոր է, ապագայի միտումները:

Օրինակ, երբ քննարկվում է տուրիզմի ոլորտում գործող ընկերությանը նոր իրավիճակում զարգանալու հեռանկանրները, դիտարկվում է ոչ թե այս պահի խնդիրները, այլ ինչ կարող է լինել տուրիզմ ոլորտում 5-10 տարվա կտրվածքով: Սա այն ոլորտն է, որտեղ տեղի են ունենում գլոբալ և անշրջելի փոփոխություններ, նաև հաճախորդների մտածելակերպում:

 

– Ի՞նչ նշանակություն ունի բիզնես խորհրդատուի գիտելիքների համարժեք արդիականացումը, նոր մոտեցումների ու մեթոդաբանության կիրառությունը։

 

Փաստենք, որ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում բոլոր հաջողակ բիզնեսները շարունակաբար աշխատում են կառավարման խորհրդատուների հետ: Սա ոչ թե մեկանգամյա քեյս է, ինչպես Հայաստանում է լինում, այլ երկարաժամկետ համագործակցություն: Խորհրդատուն ներդրում է իր գիտելիքն ու փորձառությունը, իսկ բիզնեսը իր ժամանակն ու տեղեկատվութունը: Միայն մշտական ու համատեղ աշխատանքի արդյունքում է հնարավոր ամբողջովին տիրապետել իրավիճակին, խնդրիներին , հնարավոր զարգացումներին:

Մեկ այլ փաստ, որ խորհրդատուները իրենց հետ բերում են փոփոխություններ, որոշ դեպքերում նորարար փոփոխություններ, որոնց մասին բիզնեսը դեռ տեղյակ չէ, կամ պատրաստ չէ մարսել: Իսկ փոփոխություններին դիմադրողները մեծ թիվ են կազմում բիզնեսի ներսում:

Խորհրդատուն արժեք է ստեղծում բիզնեսի համար: Դա կարող է լինել մարքեթինգային ծրագիր, ներդրումային պլան, բիզնես պորցեսների ներդրում կամ նոր պրոդուկտի գեներացում: Վերջինիս վրա մեկ օրինակ պատմեմ: Չիր արտադրող ընկերության վերլուծության շնորհիվ եկանք այն եզրահանգման, որ պետք է արտադրել էլեկտրական չորանոցներ, քանի որ բոլոր չիր արտադրողները ունեն որակյալ և արաշխիքային սպասարկում ունեցող չորանոցների կարիք: Այս խնդիրը ի սկզբանե դրված չէր, սըանալ նոր պրոդուկտ: Այն ի հայտ եկավ համատեղ աշխատանքի արդյունքում:

Հարցը հետևյալն է. Ուզում ենք բիզնեսի խնդիրը լուծել իրավիճակային առումով, թե՞ հետագա աճ ապահովելու նպատակով: Ուզում եք այս պահին լինել մրցունակ, թե՞ Մշտապես: Այս թեմայի շուրջ էլ պետք է խորհրդատուի և բիզնեսի սեփականատիրոջ հստակ համաձայնությունն ու փոխադարձ վստահությունը: